ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակում իրականացրած կասկածյալ անձն արդեն բերման է ենթարկված, իսկ նախաքննությունն իրականացնում է ՀՔԾ-ն: Սա ոգևորող հանգամանք է, որովհետև կասկածներն ու թերահավատությունը, թե հերթական անգամ իշխանությունները կարող են պարտակել, միտումնաբար չգտնել կասկածյալին՝ հօդս է ցնդում: Չափազանց կարճ ժամանակամիջոցում ոստիկանությունը սևեռվեց այն անձին, որը կասկածվում է ԱԺ պատգամավորի նկատմամբ հանցագործություն կատարելու մեջ:
Սակայն տարակուսելին, զարմանալին, անգամ դատապարտելին այն է, որ, չնայած իրականացված գործողություններին, դեռ ոմանք շարունակում են անվստահորեն գնահատել իրականացված քայլերը, հերթական անգամ ցեխ շպրտել ոստիկանության վրա, որը պատվախնդրորեն կատարեց իր առջև դրված խնդիրը: Ցանկացած բնռնություն, ով էլ կատարած լինի, դատապարտելի է և պետք է պատժվի օրենքի տառով: Այս դեպքում ոստիկանությունը հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվել ու հետամուտ է եղել, որ բացահայտվի հանցագործություն կատարած անձը:
Հիմա արդեն խոսքը ՀՔԾ-ինն է: Վստահ եմ, որ նման աղմկալի հանցագործությունը երբեք ու ոչ ոք չի թաքցնի, չի փորձի մանևրել: Ուրեմն, համբերատարությամբ սպասենք բացահայտումներին և նախաքննության մարմնի եզրակացություններին: Լրատվամիջոցներից ոմանք պնդում են, թե հանցագործության մեջ կասկածվող անձը Շմայսի վարորդն է եղել: Հուսանք, որ դա էլ կբացահայտվի...
Իսկ իմ վաղեմի բարեկամ Արամ Մանուկյանին առողջություն եմ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել