Այն, որ Հայաստանում կադրային քաղաքականությունը քաոսային վիճակում է՝ ակնառու է, բայց թե ինչու չեն ազատվում սպայի ուսադիրները պատվազրկողներից՝ արդեն հարցի մի այլ կողմն է։ Մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին շան թուլի պես կկտրի ականջները, իսկ այսօր տեղեկացա, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան նկատողություն է հայտարարել: 
Ազատամարտիկներին ծեծել էին, և նրանք դրանից հետո ոչ մի քայլ չէին ձեռնարկել, անգամ ոստիկանությանը ոչինչ չէին հայտնել։ Վստահ եմ, որ այս միջադեպը հաստատ Սերժի սրտով էլ չէր եղել, բայց պիտի անպայման հայտնվեր մեկը, որ փորձեր խցկվել Սերժին քծնողների ու հաճոյախոսողների շարքի մեջ։ Պարզ է, որ Երանոսյանը Սերժի համար փոքր մարդ է, և նրա տրամաչափն էլ այնպիսին չի, որ նրա մասին հաճախ հիշատակվի, դրա համար էլ ցմփոր չոստիկանը փորձել էր հիշեցնել իր մասին, բայց ամենը հակառակ էֆեկտ էր ունեցել։ Իմիջիայլոց, հետաքրքիր է, եթե գերագույն հրամանատարի մոտ հայհոյեին այս չոստիկանին, նա ևս նույն խանդավառությամբ քայլեր կձեռնարկե՞ր հայհոյողին պատժելու համար, իհարկե ոչ։ Այնպես որ Երանոսյանը փաստացի ամենացածր մակարդակի քծնողի դերում հայտնվեց։ Զարմանալին այն է, որ ոստիկանապետը, որն ունի խիստ ու լուրջ պաշտոնյայի իմիջ, ինչու՞ այսքան մեղմ արձագանքեց միջադեպին և ընդամենը սահմանափակվեց հասարակ նկատողությամբ։ Իմիջիայլոց, նրա նկատողությունը շատ նման է քաղաքական կուսակցությունների կողմից միջադեպի դատապարտմանը, որն էլ իր հերթին նման է ԵԱՀԿ-ոտ կազմակերպությունների՝ տարբեր հարցերի շուրջ դատապարտումներին։ Այսինքն՝ մեծ հաշվով դատարկ գործողություն։ Ոստիկատապետն ամենաքիչը պետք է ազատվեր այս ցմփոր չոստիկանից, որպեսզի մնացածին դաս լինի, այսինքն՝ թե դիմեր վիրահատական գործողության և ազատվեր քաղցկեղից, այնինչ եղավ այն, ինչ լինում է միշտ։ Չնայած հիշեցնեմ, որ բժիշկները ևս հաճախ չեն դիմում վիրահատական միջամտության քաղցկեղի ժամանակ և թողնում են, որ հիվանդը ոչ թե տեղում մահանա, այլ մի քանի օր էլ ապրի։ Սա էլ նույն վիճակն է, ի վերջո, եթե սա լիներ նախադեպ, ապա շատ պաշտոնյաներ պետք է հրաժեշտ տային իրենց պաշտոններին, իսկ այս դեպքում, երբ նման գործողություններից հետո ժողովրդի ատելությունն էլ ավելի է շատանում, անհրաժեշտություն կառաջանա համակարգային փոփոխության։ Ոստիկանապետը սա հասկանում է, բայց և այնպես նոր բիծ է առաջացնում իր իմիջի վրա։
90-ականների մոտիվներով գործող նման չոստիկանները նման գործելաոճով հաստատաբար օգուտ կարող են տալ ցանկացածին՝ այդ թվում իրենց պաշտպանյալի թշնամիներին, բայց երբեք ոչ իրենց պաշտպանյալին։ Նման կացնային մեթոդները վաղուց արդեն հնացած են ու մոդայից դուրս։ 
Եթե նախագահն աշխատանքից ազատելով պատժում է փոխոստիկանապետին նման խոսքի ու գործելաոճի համար, ապա նշանակում է, որ պաշտոնյաների մոտ նախագահին հայհոյել կարելի է։
Եթե չի պատժում աշխատանքից ազատելով՝ հանդես է բերում քաղաքացիական հասարակության զայրույթը։
Ամեն դեպքում, եթե փոխոստիկանապետը զուտ նախագահի թասիբը պահելու նպատակ ունենար, չէր լուսաբանի դա ողջ մամուլով։ Որովհետև տուժողը հրաժարվել է անուններ տալ ու մանրամասնել, ու թեման բացել է հենց փոպոստիկանապետը։ Այսինքն՝ պարոնը ցանկություն է ունեցել ցույց տալու իր հավատարմությունը ու դրանով ավելի է քաշել նախագահին։
Իսկ ի՞նչն է խանգարում նախագահին, որպեսզի 90-ականների տակ մնացած չոստիկանին հեռացնի համակարգից՝ դրանով իսկ մեղմի հասարակության զայրույթը, բնականաբար, այդ զայրույթի ոչ իսպառ, բայց նաև ոչ ադեկվատ բացակայությունը։ Թմբիրի մեջ գտնվող հասարակությունը, հիասթափություն ասածը դրոշակ դարձնելով, մասն է կազմում իշխանության մանկլավիկների կողմից ամենաթողությանը։ Քաղաքական ուժերը ոչ թե պետք է միայն դատապարտեին, այլ կոնկրետ պահանջեին ոստիկանապետից տվյալ պաշտոնյայի գործողությունների նկատմամբ ամենաքիչը ծառայողական քննություն իրականացնել և ազատել զբաղեցրած պաշտոնից, թե չէ՝ մի կողմից ստացվում է ոստիկաններն Աստվածաշունչ եմ բաժանում, աղոթքներ ասում, իսկ մյուս կողմից էլ անհանդուրժողականություն գովազդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել