Դեկտեմբերի 7-ը հակասական զգացողությունների օր է.... Աշխատում էի «Պիոներ կանչ» թերթում, խմբագրությունը 11-րդ հարկում էր, առավոտյան հայտնի ժամին շենքը (նույն Մամուլի շենքն է, Արշակունյացի վրա) ցնցվեց, ես առաջին պահին ոչինչ չզգացի, միայն, երբ խմբագրության իմ գործընկերները դուրս թափվեցին միջանցք, հասկացանք, որ լուրջ ցնցում էր: Հարցնում էի՝ ես ինչու չզգացի, ընկերներիցս մեկը կատակեց՝ էնքան արագ-արագ ես շարժվում, որ դու ոչ մի ցնցում էլ չես զգա: Բայց մի տեսակ անորոշ ու անբացատրելի սարսուռ էր պատել բոլորիս, և ծիծաղելու սիրտ չունեինք: Միջանցից չէինք հեռանում... Նորից ցնցում... Հետո հանգիստ էր, անցանք գործի... Չկար ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն, չէինք հասկանում՝ ինչ լարվածություն էր օդի մեջ: Անցավ մի քանի ժամ, մեկ էլ եկավ բոթը՝ Գյումրին ու Սպիտակը չկան... Էս միտքը ոչ մի կերպ ընկալելի չէր, մի տեսակ բթացել էինք: Հետո հիշում եմ, որ հանկարծ սթափվելով գոռացի՝ «երեխաներս» ու, արագ կիսատ հագնելով վերարկուս, սեղմեցի վերելակի կոճակը, մեկը ետևիցս ձայն տվեց. «Վերելակով մի գնա, ոտքով իջիր», արեցի մեխանիկորեն: Փողոցում մարդիկ մոլորված ու իրար խառնված էին, սև, սև մի օր էր, տաքսու վարորդն ավելի տեղեկացված էր, պատմում էր անհավատալի բաներ, սարսափելի, ասում էի՝ որտեղից գիտի, «դե, գիտեմ էլի», լինում էր պատասխանը: Ըստ տաքսու վարորդի վարկածի, ոչ թե երկրաշարժ էր եղել, այն պայթյուն, այս վարկածը հետո երկար էր թափառում մարդկանց մտքերում: Հասա մանկապարտեզ, ամբողջ մանկապարտեզը դրսում էր, ծնողներ, դաստիարակներ՝ կծկված ու լարված կանգնած էին: Ես չորս երեխա պիտի տուն տանեի, իմ երկուսին և ամուսնուս եղբոր երկուսին: Ամենամեծը չորս տարեկան էր, փոքրը՝ մեկուկես: Գնացինք, վախենում էի տուն մտնել երեխաների հետ, մեր բնակարանը 9-րդ հարկում էր, երեխաները մրսում էին, ցուրտ էր: Հետո ամեն գիշեր հարևանները ձայն էին տալիս. «Կրկնվեու է»: Դուրս էինք գալիս, քնած երեխաներին ծածկոցներով փաթաթած, իջնում էինք մեքենայի մեջ պատասպարվելու կամ գնում էինք մեկ փողոց հեռու ապրող մեր ազգականի տուն, դա մեկ հարկանի տուն էր:
Բայց սա դեռ ամբողջը չէ, հետո սկսվեց իմ և բոլոր լրագրողների, բժիշկների և բոլոր մարդկանց իսկական տառապանքը: 
Գնում էինք հիվանդանոցներ, ուր Գյումրուց, Սպիտակից, գյուղերից բերում էին վիրավորներին, վիրավոր երեխաներ, մեծեր, վիրավոր մի ամբողջ ժողովուրդ: Քանի որ մանկապատանեկան թերթում էի աշխատում, իմը երեխաներն էին: Ոտք ու ձեռքը կտրված, հաշմանդամ դարձած, մորն ու հորը, բոլորին կորցրած, խեղճ, խեղճ ու տառապած երեխաներ: Դե արի ու գրի այդ ամենի մասին... Գրում էինք, նստում էինք նրանց մահճակալների կողքին գիշեր-ցերեկ, օգնում էինք բժիշկներին, հետո էինք հիշում, որ դեռ նյութ էլ պիտի գրենք:
Լուր տարածվեց, որ Շառլ Ազնավուրն իր ինքնաթիռով գալիս է ուղիղ Գյումրի: Ես թռա Գյումրի, առաջին անգամ Շառլ Ազնավուրին այդ օրն եմ տեսել, երանի այդ օրը և այդպես չտեսնեի՝ ցավի և տխրության կծիկ էր, ավելի տխուր մարդ չեմ տեսել, Շառլը տեղով հոգի էր, սրտացավ, պատմության խորհրդանիշ, ինքը էդ պահին կարծես Տեր աստվածը լիներ, ես այդպես ընկալեցի... Հետո եղավ «Քեզ համար, Հայաստանը», էլի եկավ՝ արդեն իբր վերականգնվող Գյումրի, դպրոց գնաց, երեխաներին գրկեց, Գյումրին ապրում էր Շառլ Ազնավուրով:
...Անցավ կարճ ժամանակ, բոլոր ազգերը Գյումրիում կամ Սպիտակում մի բան կառուցում էին՝ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, տներ: Գյումրիում անգլիական դպրոցը պիտի բացեր ոչ ավել, ոչ պակաս ինքը՝ Մարգրեթ Թետչերը, սա մի ուրիշ պատկեր էր, իրականում գյումրեցիներին լիցք տվող, մարդիկ զգում էին, որ միայնակ չեն, որ աշխարհի մեծերն իրենց կողքին են։
....Եղավ ու անցում է արդեն 26 տարի, անցնում է չանցնելու պես, վերքերը սպիացել են, բայց մի թեթև հպումից կարյունահոսեն, գյումրեցի տատս (Էրզրումից փախած և գյումրեցի դարձած) այդ չարաբաստիկ օրերին ձեռքերը ծնկներին էր խփում եւ ասում. «Գնալդ լինի, գալդ չլինի, երկրաշարժ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել