Այսօր` սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս 48-ամյա Սերգեյ Բագրատյանը և նրա որդին` Երևանի Պարոնյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, երբ տեսնում են, որ ձայներն ի օգուտ իրենց թեկնածուի չի, ներխուժում են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցնում են քվեաթերթիկների մի մեծ մաս և փորձում են հեռանալ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտրատեղամասում քվեարկություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պռոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան 33-ամյա Արմեն Բակունցը փորձում է կանխել Բագրատյանի և նրա «թայֆայի» անօրինակական գործողությունները: Այդ ժամանակ Շ. Բագրատյանը հրում և վայր է գցում Ա. Բակունցին, ինչի հետևանքով ցրիվ է գալիս դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո նախկին մարզպետ Ս. Բագրատյանը, վիրավորանքներ և հայհոյանքներ տալով, գլխով հարվածում է Ա. Բակունցի դեմքին: 

Գ.Շամշյանը հայտնում է, որ հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Արդեն լուսաբացին Ա.Սետրակյանը և Ս.Բագրատյանը բերման են ենթարկվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ձեռնարկվում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` Շ.Բագրատյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել