Արժե մեռնել ազատության համար և ապրել սիրո համար: Բայց միթե կարելի է ապրել այն սիրով, որը կտանի ուրիշների կործանմանը, այն մարդկանց, որոնք քեզ սիրում են: Այն մարդկանց, որոնք քեզ սիրում են, այն մարդկանց, որոնք տուժել են, այն մարդկանց, որոնք քեզ աջակցել են: Երբ ես հետ եմ նայում, իմ կյանքում եղել են հուսահատության պահեր, եղել են պահեր, երբ ես ինքս ինձ չեմ տեսել հայելու մեջ: Ես հաճախ հիշում եմ այս խոսքերը... իրականում սերը մի անգամ է այցելում և երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում, և ամբողջ կյանքում դու նրան ես որոնում, այն հասցեն, որ դու փնտրում ես, դու այլևս երբեք չես գտնում, քանզի դու ճամփորդ ես ուշացած, ով չկարողացավ ժամանակին լինել ճիշտ և խիզախ: Դու, այսպես ասած, կյանքի այս խաղի ամենակարևոր պահին, լինելով անփորձ և լսելով ուրիշներին, քեզ դրսևորեցիր վերջին հիմարի պես և ահա դու փորձում ես ճակատագրից հետ խնդրել և նաև համարձակվում ես պահանջել քո վաղեմի երազների թագուհուն: Օհ, համոզվելու կարիք չկա, որ դու պատրաստ ես պայքարելու, երկար-երկար, պատրաստ ես մահանալ, բայց վախենում ես, որ կվնասես քեզ սիրող մարդկանց և կվնասես այն աշխարհը, որտեղ դու ապրում ես, քո հայրենիքը: Դու նաև գիտես, որ այն աղջիկը «բախտն էր քո, որ կորցրիր» բայց ինչու այժմ, ինչպես կարող ես այդքանից հետո նրա աչքերին նայել և ասել` ներիր ինձ, ես չգիտեի, ես հիմար էի, բայց միշտ սիրել եմ քեզ: Իմ սրտում միայն քո դեմքի բարի և խորհրդավոր դիմագծերն են երևում, բայց և այնպես անցել է ավելի քան 6 տարի այդ սիրո պատմությունից: Որը այնքան քաղցր ու այնքան թթու է քեզ թվում հիմա, որ երևի թե երբեք չկարողանաս մոռանալ և ներել ինքդ քեզ: Ինչպե՞ս, ինչպե՞ս հիմար տղա, ինչպե՞ս դու կորցրեցիր նրա հետ քո կապը, ինչպե՞ս հեռավորությունը քեզ այդքան անզոր դարձրեց, ինչու՞ չգտար նրան և չշարունակեցիր խոսել և միգուցե այժմ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ինչու՞ էր կյանքում քեզ միշտ թվում, որ երջանկությունը նյութական հարստության մեջ է, հաջողության և փողի: Սրտի խորքում դու միշտ ուզել ես, որ հետ վերադառնաս` լինելով հաղթանակած, և այո, դու միշտ նրա մասին ես մտածել, ժամանակ առ ժամանակ, լավ և վատ օրերին, և ասել օ~ միգուցե եթե ես հարուստ լինեմ, ես կգտնեմ նրան նորից: Եթե նա ինձ սիրել է դպրոցական հասակում, մի՞թե մեր մեջ հնարավոր չէ, որ լինի այն ամենը, ինչը չեղավ, երբ ես և նա դեռ նոր էինք ավարտում դպրոցը: Այո, այո, քո քիչ ընկերները, որոնք կո կողքին էին, երբեք չեն հասկանում քո մտազբաղ և առավել ևս միայնակ լճի ափին գիշերով քայլելու սովորությունը` լսելով Era-ի երգերը, միշտ լսելով հին երգեր և չապրելով ժամանակին համընթաց: Նրանք չէին հասկանում, թե դու ինչու ես սիրում մենակ լինել, ինչու երբեք չես ասում նրանց այն, ինչ իսկապես կարող ես ասել: Միշտ կա ինչ-որ խորհրդավոր իրականություն, որ մինչև վերջ էլ երևի թե չբացահայտվի: Ես չեմ ասում, որ ես միշտ եղել եմ տխուր անձնավորություն, բայց ինձ միշտ մի բան չի գոհացրել, առավել ևս այն, որ շրջապատի մարդիկ փորձել են ներխուժել իմ աշխարհը, և փորձելով ավելի խորացրել այն վերքը, որը երբեք չի լավանա, որը երբեք չի մոռացվի, և որի մասին իսկապես այլևս ես չեմ խոսա ոչ ոքի հետ: Շատերին միգուցե թվացել է, որ ես հիմար եմ, կամ ինձ հետ ինչ որ մեկը վատ է վարվում, բայց իրականությունը այն է, որ ես ուղղակի չեմ ուզել խոսալ այս ամենի մասին, ես փորձել եմ փախչել ինքս ինձանից, ինչպես «Առյուծ թագավորը» ֆիլմում փախչում է սիմբան և փորձում լինել այն, ինչը նա չէ, երբ փախչում ես, երբեմն պետք է հետ նայես, քանզի Աստված տեսնում է ամեն ինչ, ներվում է միայն այն, ինչը դու ի սրտե փոխում ես` լինելով ժամանակի հերոսը:
Չգիտեմ, ինձ թվացել է միշտ, որ մարդիկ սիրում են լինել հզոր: Ես այսպես եմ մտածել, որ կինը սիրում է ուժեղ, հաջողակ և խելացի տղամարդու, և իմ կարծիքով, այս է պատճառը, որ իմ կյանքի միակ սերը սիրեց ինձ այն ժամանակ, երբ ես այդքան նպատակասլաց էի հաջողության հասնելու համար: Բայց գնալով մի ուղղությամբ` ես կորցրեցի այն, ինչ ամենից թանկն էր ինձ համար ու ես իսկապես այժմ շատ տխուր եմ և միայնակ: Տարիների անպատասխանատու վարմունքները և կյանքին վատ ձևով նայելու սկզբունքը ինձ այնպիսի մի դրության մեջ դրեց, որ ես նեղացրեցի տարբեր մարդկանց, եղա անպատասխանատու` փորձելով նոր սեր փնտրել: Այսպես ասած, մի լքտի հիմար, ում լեզվի տակ ոսկոր չկա և հիմարություններ խոսելուց նա առաջին տեղում է միշտ, առանց բացառությունների: Ես այժմ չգիտեմ, կլինի որևէ նոր սեր իմ կյանքում, բայց ես կփորձեմ թողնել իմ անցյալը անցյալում, ես կփորձեմ լինել ավելի խելացի, ավելի ողջամիտ և ավելի բարձր կանգնել մարդկության և հայրենիքի առաջ: Բայց մի՞թե ես կկարողանամ երբևէ նորից սիրել: Ես հիշում եմ Պարույր Սևակի այս խոսքերը, որ չեն սիրում նորից, սիրում են կրկին, բայց այժմ ես մի բան եմ խնդրում ճակատագրից, որ պատմությունը այս հին տանի ու կորցնի, և ես միայն ժպտալով հիշեմ այն... Չնայած որ կասկածում եմ, որ այդպիսի բան երբևէ տեղի կունենա: Միգուցե մարդիկ ինձ ներեն, բայց պատմությունը ինձ չի ների, եթե ես այսքանից հետո պահանջեմ Աստծուց նրան, ում կորցրել եմ, երբ չգիտեմ հաստատ, թե նա դեռ ինձ սիրում է, թե ոչ: Թող այս ամենը այնպես լինի, ինչպես Աստծո կամքն է: Ես կպայքարեմ, բայց երբ գրում եմ այս տողերը, ես նորից հիշում եմ այն խոսքերը. «երջանկությունը մի անգամ է այցելում և երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում, ու ամբողջ կյանքում դու նրան ես որոնում և այն հասցեն, որ դու փնտրում ես, երբեք ոչ ոք չի գտնում: Մեր երկուսի սիրո այդ տարին, որ երբեք չի կրկնվի, և անցյալն ամեն անգամ ինձ հաստատ կհիշեցնի, որ ես չկարողացա այս կյանքում լինել երջանիկ: Դե գոնե, փորձիր չդժբախտացնես քեզ սիրող այլ մարդկանց և չդավաճանել կյանքի հանրահայտ ճշմարիտ սկզբունքները: Միգուցե լինես այն, ինչպես պետք է լինես և թող մարդիկ քեզ սիրեն նրա համար, որ դու գոնե կարողացար ուղղել քո սխալները և ոչ թե նոր սխալներ գործել: Բայց իմ սրտում ես գիտեմ, որ ես երբեք չեմ լինի երջանիկ: Եվ թող ինձ ներեն բոլոր այն տղերքը, ովքեր եղբայր են ինձ համար, հատկապս նրանցից մեկը, ով սրտով ճապոնացի է, իսկ տեսքով շվեդացու է նման: Ես հուսով եմ, որ նա կկարդա այս հոդվածը և միգուցէ մտածի, որ ես այնքան էլ վատը չեմ, խիզախ եմ, բայց միևնույն ժամանակ նաև ունեմ պատասխանատվության զգացում, թող ների իմ` ժամանակի թուլությունը: Կարծում եմ` նա գիտի, որ դժվար է ապրել, երբ աշխարհը փուլ է գալիս քո ուսերին, իսկ դու չգիտես, թե ինչու և ինչպես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել