Քաղաքական ու լրատվական դաշտում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու մասին: Ոմանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու մեջ, Բաղրամյան 26-ից թելադրված քայլ, ոմանք նրա նախաձեռնությունը դիտարկում են որպես սովորական պոպուլիզմ, իսկ ահա շատերն էլ չկասկածելով պատգամավորի անկեղծությանը՝ համոզված են, որ նա գործել է խղճի թելադրանքով և չի առաջնորդվել որևէ իշխանական թելադրանքով ու հուշումով:
Անպայմանորեն, Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ ու հայտարարություն իրենց մեջ որոշակի անկեղծություն ու մտահոգություն են պարունակում: Լրագրող-պատգամավորն իր վարքագծով անկանխատեսելի է, ուստի միամտություն կլինի նրա նախաձեռնության մեջ իշխանական պատվեր տեսնել, հավատալ այն բանին, թե նա գործում է Սերժ Սարգսյանի հուշումներով և նպատակ ունի ապակայունացնել ընդդիմադիր դաշտը: Փաշինյանն, իհարկե, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքների ժամանակ, առաջնորդվելով զգացմունքներով և «հեղափոխական ռոմանտիզմով», թույլ տվեց մի սխալ, երբ հենց Ազատության հրապարակում հայտարարեց կառավարություն ձևավորելու մասին: Ռազմավարական առումով սա ճիշտ քայլ էր, սակայն սխալ էր մարտավարությունը, ինչն էլ ինչ-որ չափով սասանեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հիմքերը: Բայց ցանկացած քաղաքական գործիչ երբեմն տրվում է զգացմունքներին և կատարում սխալ հաշվարկներ: Մինչդեռ այս նոր նախաձեռնությունը ոչ թե զգացմունքային պոռթկում է և կամ իշխանական պատվեր, այլ ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված քայլ, որոշակի հաշվարկի արգասիք: 
Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը հաշվարկած չլինի այն հանգամանքը, որ խորհրդարանում ինքը մենակ է մնալու իր նախաձեռնության մեջ, որովհետև խորհրդարանական ուժերից որևէ մեկը նախագահի հրաժարականի հարց չի դնում: Ուրեմն, Փաշինյանն ի սկզբանե գիտի, որ չի հավաքելու իմփիչմենտին անհրաժեշտ ձայների քանակը, ստորագրությունները: Սակայն, ըստ էության, սա քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել երկրում կուտակված խնդիրներին, քաղաքական ու դիվանագիտական պարտություններին, ժողովրդապետության մեջ ժողովրդի ունեցած դերի ժխտմանը, քմահաճ որոշումների կայացմանը, որոնցից գլխավորը ԵՏՄ անդամակցությունն էր, ինչն արվել է ժողովրդի ու խորհրդարանի թիկունքում և տակավին իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում: 
Այն տեսակետը, թե Բաղրամյան 26-ն է «բեմադրել» այս նախաձեռնությունը, որևէ քննադատության չի դիմանում, քանզի հազիվ թե նախագահն ու նրա շրջապատը հաշվարկած չլինեին «կայծից բոց բռնկելու» էֆեկտի հետևանքները: Հայաստանն այսօր վառոդի տակառի է նման, որն ամեն րոպե կարող է բռնկվել: Օրավուր խորացող սոցիալական խնդիրները, առաջիկայում սպասվող թանկացումները, իշխանությունների հանդեպ ձևավորված անվստահությունը այն կայծերն են, որոնք կարող են մեծ հրդեհի վերածվել: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն իսկապես երկրում կարող է ստեղծել հեղափոխական իրավիճակ, ոտքի հանել «մարգինալներին» ու «լյումպեններին» անգամ՝ այսպես անկասելի դարձնելով հեղափոխական իրավիճակը: Իսկ իշխանություններին ԵՏՄ-ին անդամակցելու լարված գործընթացներում հենց հեղափոխական իրավիճակ պետք չէ, Սերժ Սարգսյանին պետք չէ երկրում ունենալ լարված իրավիճակ, ինչը կարող է ԵՏՄ շրջանակներում սասանել նրա դիրքերը, Ռուսաստանին հանել իր դեմ: Հատկապես Ռուսաստանին, որովհետև ԵՏՄ անդամակցության մասին որոշումն ամբողջապես Ռուսաստանի պահանջն է:
Հետևաբար, Փաշինյանն իսկապես անկեղծ է իր մտադրության մեջ: Նրա քայլը պետք է դիտարկել ինչպես քաղաքական ենթատեքստերի, այնպես էլ հուզական բռնկումների համածիրում:
Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել