Երևույթ ենք՝ բազմաթիվ դրական ու վեհ հատկանիշներով։ Լավն ենք շատ, հայ ենք, էլի, արտաքինից հասարակ ու ուտվող, սակայն իրականում զսպանակված ու կոշտ անկյուններով, կուլ գնացող չենք, լուծվող չենք։ Մեր ամենագովելի հատկանիշն այն է, որ մեր լինելությամբ ու տեսակով հպարտանում ենք։ Սա մեզ տարբերում է աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներից, որովհետև մենք սա մի այլ կերպ ենք անում, առանց վիրավորելու օտարին, առանց քար նետելու նրա այգին։ Մենք չենք ասում՝ լավն ենք Ձեզանից, մենք ասում ենք՝ մեզանից լավը չկա։
Նայում եմ մեր երիտասարդներին, խելքս գնում է։ Ինչպիսի՜ հայրենասիրություն կա թաղված նրանց մեջ։ Կարծես կրակի մեջ թաղված կարտոֆիլը, որ արտաքինից չի երևում, բայց ի՜նչ համով է, հատկապես քեզ սիրելի մարդկանց շրջապատում։ Հանող չկա, աշխատող, մոտիվացնող, բացատրող չկա։ Երբեմն մի հանդիպումն էլ բավական է, որ նրանք սկսեն սարեր շուռ տալու իրենց գործը, այո, իրենց։ Կարևորը կայծն է, կրակ բորբոքելը, հասկացնելը, որ իրենք իրենց տեսակի կրողն են, այսինքն՝ ի վերուստ տրված իրենց «Աստվածային» ճշմարտության։
Եվ ինչքա՜ն բարդ է ու բազմաշերտ նրանց ծնողների, այսինքն իմ սերունդը՝ արդեն կայացած, երբեմն առողջ, երբեմն՝ փչացած, խարդավանքով լի, մեկը մեկին նախանձող, անվերջ դատող ու խոսացող, ոչինչ չանող, մեկ ուրիշի սխալին սպասող։ Համայնք չկա, երկված չլինի, էլ չեմ ասում արժեքների անդունդի մասին։
Ինչու՞ ենք այսքան հակասական։ Ինչու՞ ենք մրցում հայի հետ։ Կողքիդ ռուս ու ամերիկացու հետ մրցիր, էլի։ Չէ՜, թեթև ու ջրիկ ենք երբեմն։ Ինչքան լավը ունենք՝ դարերից եկած, այնքան էլ հին հիվանդություններ ունենք։ Պատճառը գիտե՞ք որն է։ Այն է, որ մենք մեր գաղափարախոսական շրջանը չենք գծել, բնազդով, անընթեռնելի գաղտնատեսությամբ ենք լոկ հայ, իսկ այսօրվա կրոնականոնակարգված աշխարհում դա նույնն է, որ մենք հեծանիվով մրցենք մերսեդես արտադրողների հետ, երբ հեծանիվն էլ են իրենք ստեղծել։ Մեկինը բանկն է, մեկինը՝ զորքը, մեկինը նավթն է, մեկինը՝ քուրմը, մեկինը հեղափոխությունն է, մեկինը՝ դեմոկրատիան, մերը ի՞նչն է։ Ուր են մեր գիտնական իմաստունները, որ մեզ հավաքեն աշխարհի տարբեր ծայրերից, մեր անասելի փորձն օգտագործեն, հարցեր տան, պատասխաններ ստանան ու հայության «մանիֆեստ» գրեն։
Մեկը մի լավ բան է ուզում անել, թերարժեքության սեփական բարդույթի մեջ թաթախված մեկ ուրիշը բարձրաձայն ճչում է, թե դու ո՞վ ես, որ առանց ինձ ներկայանալու գործ ես սկսել։
Նման դեպքերում Սունդուկյանի Պեպոյի պես պատասխանեք՝ Ե՞Ս, ԵՍ ԵՄ, ու Ձեր հայրենանվեր անելիքը հասցրեք ավարտին։

ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել