Վերջերս երկու լուսանկարներ  հայտնվեցին  սոցիալական ցանցերում  մեկը հայ սպային տմարդորեն սպանող Սաֆարովի եւ մյուսը նույն մարդասպանի պետության ղեկավար՝ Իլհամ Ալիեւի: Երկուսն էլ   կանացի շպարով:

Նկարներում ֆոտոշոփի օգնությամբ Սաֆարովի շուրթերն ու մազերը ներկված են կարմրով իսկ աչքերը կապույտ ստվերաներկով ,    ականջներից էլ կախված են ոսկե օղեր: Հեղինակը նույն կերպ է վարվել Ալիեւի նկարի հետ միայն թե այս մեկի գլխին ավելացրել է հարսի ծամակալ:

Ալիեւի ու Սաֆարովի կանացի կերպարով  լուսանկարներին «լայք» տվողներից շատերը կանայք ու աղջիկներ են, հետեւյալ կոմենտներով՝ «յախկ», «թու» :

Հասկանալի  չէ թե «յախկ» ու «թու»ն ու՞մ հասցեին է ուղղված: Սաֆարովի ու Ալիեւի թե՞ նրանց կանացի կերպարների: 

Ամեն դեպքում լուսանկարներն ուզում են մեզ համոզել, որ սրանք ոչ թե տղամարդ այլ կին են:

Լուսանկարների հեղինակը այդպիսով  ցանկանում է ասել. «նրանք եթե  տղամարդ լինեին այդպիսի ստոր արաք չէին կատարի ու քանի որ ստոր արարքների ընդունակ են միայն կանայք, ուրեմն նրանց հարմար է կանացի շպարը»:

Կնոջը նվաստացնելու այս քայլը, որը տեղի է ունենում մի տղամարդի կողմից ընդդեմ կանացի ինքնասիրության, ցավոք  հավանության է  արժանացել շատ կանանց կողմից:

Հարց է ծագում: Տղամարդն իրոք ինչպիսի՞ յուրահատկություններով  է օժտված, որոնցից զուրկ են կանայք:

Խիզախությու՞ն, քաջությու՞ն, խելացիությու՞ն: Ո՞վ կարող է փաստել, որ նման առանձնահատկություններից զուրկ են կանայք ու դրանք հատուկ են միայն տղամարդկանց:

Որպեսզի հակառակը փաստվի միայն նայեք ձեր ընտանիքների մայրերին  ու հաստատ նրանց մոտ կգտնեք  ե՛ւ խիզախություն  ե՛ւ քաջություն ե՛ւ խելացիություն ու դրանց գումարած համբերություն ու նվիրվածություն: Իսկ մեր երկրում չեմ կարծում քիչ լինեն քծնող, վախկոտ ու տգետ տղամարդիկ:

Տղամարդուն վեհացնելու եւ կնոջը նվաստացնելու փորձերը նույնիսկ առկա են մեր կինոարվեստում ու սերիալներում, որտեղ տղամարդը միշտ մարմնավորում է խոհեմ ու քաջ մարդու կերպարը , իսկ կինը թույլ,բամբասկոտ ,հլու հնազանդ եւ խեղճ մարդու:

Սակայն ցավալին այն է, որ այդ փորձերը շարունակվում են նաեւ մեր օրերում,  21-րդ դարում, երբ կնոջ եւ տղամարդու հավասար իրավունքների հարցը քաղաքակիրթ մարդկության օրակարգում է:        

Կասեք վերոնշյալ նկարների հրապարակումը ընդամենը հումոր էր: Թող այդպես լինի:Միայն թե հուսով եմ, որ ծիծաղ չառաջացնող ու սեւ հումորին հետեւող աղջիկներն ու տղաները վաղը չեն դաստիարակի տղամարդապաշտ աղջիկներ ու կանանց նվաստացնող տղաներ:

Հուսով եմ վաղվա սերունդի հայ աղջիկների ամենագովելի առանձնահատկությունը չի համարվի  նրանց տղամարդամեծար լինելն ու տղաներն էլ այլեւս կանանց  չեն գնահատելու  որպես կիսատ պռատ էակներ:

Ու վերջապես հուսով եմ  վաղը խելացի ու գոծունյա կանանց  չեն բնորոշի որպես «տղամարդ կին», այդպիսով արհամարելով  կնոջ արժանապատվությունը:

Օրը կգա բարին էլ հետը:Իսկ մինչ այդ լավ կլինի բացենք մեր աչքերն ու տեսնենք ճշմարտությունն  այնպես, ինչպես որ է: Իսկ ճշմարտությունը մեզ հուշում  է, որ Ալիեւն ու Սաֆարովը  տղամարդ են, միլիոնավոր հանցագործ, լկտի, բռնատեր, ինքնամեծար ու տգետ տղամարդկանցից երկուսը  ողջ աշխարհում:

Ուրեմն հարգելի կանայք ու աղջիկներ առաջարկում եմ հարգելով ձեր ինքնասիրությունը ետ վերցնեք ձեր «լայքերն» այդ նկարների տակից , ընդունելով  մի շատ պարզ ճշմարտություն՝ կին թե տղամարդ նախ պետք է արդարամիտ մարդ լինել:

Ետ վերցրեք ձեր «լայքերն» ու ընդմիշտ հրաժարվեք տղամարդամեծարությունից, քանի որ տղամարդը աշխարհը կործանում է, կռիվ է հրահրում, սպանում է, կոտորում  ու միլիոնավոր երեխաների մատնում սովի՝ հանուն իր փառամոլության:

Իսկ վերջում միայն մի խոսք՝ ներողություն  սիրելի կանայք ու երեխաներ բոլոր այն տղամարդկանց փոխարեն, ովքեր աշխարհը վերածել են դժոխքի ու հպարտանում են տղամարդ կոչվելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել