Մեր շենքի առաջին հարկում մի Լևոն պապ էր ապրում: Լևոն պապս ինքնամփոփ մարդ էր,տեղ-տեղ միամիտ ու անասելի բարի: Ըստ նրա` այն մարդն, ով կենդանիներին չի սիրում, չի կարող մարդ կոչվել ` այն էլ բարի: Լևոն պապիս բարությունը կենդանիների նկատմամբ տարիներ ի վեր բարկացնում էր մեր դրկիցներին, քանի որ ողջ տարածքի կենդանական աշխարհը զօրուգիշեր կամ նրա դռան դեմն էր տեղակայված կամ հենց տանը:
«Սա բնակելի տարածք է, շենք ` մարդկանց համար և ոչ թե չորքոտանիների : Եվ հետո, եթե Ձեզ հաճելի է նույն մուտքը մտնել անասունների հետ, ապա թույլ տվեք նշել, որ մենք, ևս լինելով այս շենքի լիիրավ բնակիչ, տհաճություն ենք ապրում ձեր մանր-մունր շներից և քսմրտվող կատուներից. էլ չասեմ աղավնիների ու մնացած անանուն թռչունների մասին, որոնց ծլվլոցը ոչ մի օր մեզ հանգիստ չի տալիս : Մի ուրիշ տեղ հանգրվանեք և ինչ ուզում եք, դա էլ արեք, Լևոն պապ» : Լևոն պապը դարձել էր շենքի նորաբնակ և չակերտավոր էլիտայի քննարկման հիմնական հարցը : Սակայն ծերուկը թքած ուներ բոլորի վրա , քանի որ նա առանց ուրիշ տեղ հանգրվանելու էլ իր սրտի ուզածն էր անում : Ոչ-ոք չէր կարող նրան շենքից հեռանալու հստակ պահանջ ներկայացնել , քանի որ հենց նա էր մեր շենքի աղն ու ջուրը . նա էր տնկել մեր շենքի հնություն ունեցող ծառերը, նրա շնորհիվ էր ցայտաղբյուր տեղադրվել մեր շենքում և հետո Լևոն պապի անունը ուղեցույց էր դարձել մեր , կարելի է ասել` քարտեզից դուրս և կորուսյալ շենքը գտնելու համար : Ամեն մարդու հետ չէր շփվում ծերուկը , իսկ նրանք , ովքեր պատիվ ունեին նրա հետ մեկ-երկու բառ փոխանակելու, ակամայից իրենց ներքուստ երջանիկ էին զգում, որովհետև նրա ամեն խոսքի ետևում մի խորհուրդ էր թաքնված, մի առակ , որն առավել հետաքրքիր էր դարձնում նրա հետ շփումը :
Ամեն Աստծո օր ես իմ սրբազան պարտքն էի համարում Լևոն պապին այցելել ու նոր անցնել գործերովս. օրս լիարժեք չէր առանց նրան տեսնելու : Մի տեսակ հպարտ էի զգում ,որ ինձ էր հանձնարարել իր օրվա հաբերը տալու պարտականությունը : Դեղերը խմում էր ,թե չէ , միանգամից հարցնում էր` «Դե պատմի տեսնեմ` ի՞նչ կա չկա մարդկանց արատների վրա բարգավաճող մեր այս հին ու նոր աշխարհում»: Ես կրկնակի ինձ լավ էի զգում` գիտակցելով , որ ինձ բաժին է հասել նաև նրան աշխարհի անցուդարձի մասին տեղեկացնելու վեհ պատիվը : Չէր սիրում նորություններին ԶԼՄ-ներից տեղեկանալ. ապրում էր մեր դարում, սակայն կարծում էր, որ նորությունները պիտի տարածվեն բերնեբերան և ոչ թե թերթերով, ռադիոներով կամ հեռուստաալիքների միջոցով, որտեղ ամեն բառ շինծու է `շինված ըստ տվյալ լրատվամիջոցի շահերի : Դե ես էլ Լևոն պապի խաթր կարդում էի ողջ օրվա անցուդարձը, մտքումս մշակում նորություններն ու ասես ամեն օր եթեր դուրս գալիս: Քաղաքական լուրեր տանել չէր կարողանում :
-Գործ չունես դրանց հետ , այ բալա . չգիտե՞ս, որ քաղաքականությունը պոռնկությունն է համայն աշխարհի, իսկ պոռնկությունը մի շարք հիվանդությունների աղբյուր է , ռադ արա :
Մի քանի ոչ պոռնկային լուրերից էինք խոսում , ինքն իմ կարծիքն էր հայտնում տվյալ հարցի շուրջ, հետո միայն Լևոն պապին բնորոշ նշանավոր ժպիտով ժպտում էր ու ասում `  «Ապրես, որ եկար. դե գնա, քանի կենդանիներս չեն սկսել քեզ խանդել» :
Ու ես գնում էի Լևոն պապի խորհուրդներով ոգևորված` ամբողջ աշխարհն ինձնով անելու :
Հերթական օրերից էր, որ պիտի այցելեի խորհրդավոր ծերուկին : Թակեցի դուռը, սակայն չհնչեց նրա խռպոտ ձայնը : Բացեցի ու ներս մտա`իրար խառնված : Էնքան էր ծխել, որ բան չէր երևում : Սենյակի մի անկյունում հազիվ գտա նրան` նստած մի սև կատվի հետ,որի կեցվածքն ահավոր հպարտ էր ու անտարբեր : Խոժոռ էր դեմքը Լևոն պապի ու չէր խոսում : Սկսեցի իր սիրած իմ անիմաստ կատակներն անել, բայզ իզուր : Չդիմացա ու բարկացած ասացի`
-Դե չեղավ, Լևոն պապ, էս ի՞նչ վիճակ է : Էս ինչքա՞ն ես ծխել . էն ոչուփուչ բժիշկները չէի՞ն ասել, որ հիմա շատ ծխելու ժամանակները չեն, քեզ չի կարելի , հը՞ : Ի՞նչ է պատահել , դե մի բան ասա, այ մարդ :
-Իսկ դու մի օր լսե՞լ ես , որ բժիշկներն ասեն, որ հենց հիմա է ծխելու ժամանակները , հիմա է մի լավ խմելու ու աշխարհի բոլոր չթույլատրված բարիքներից օգտվելու ժամանակները: Լսե՞լ ես:
-Դե չեմ լսել, բայց գուցե դրանց ժամանակն էլ դեռ գալու հնարավորություն ունի : Ի՞նչ է պատահել, ասա տեսնեմ :
-Տեսե՞լ ես ուղիղ իմ մուտքի վերևում տեղադրված այն փոքրիկ գրվածքը,որտեղ մի դաշինք պնդում է, որ ես պիտի հեռանամ այս երկրից, որովհետև Հայաստանը փորձադաշտ չէ ինձ համար , ասա ինձ`տեսե՞լ ես:
Լևոն պապը զայրացած էր երևում : Վառեց ծխախոտի եսիմ որերորդ գլանակն ու սկսեց քթի տակ ինչ-որ բան մրթմրթալ : Հետո մի պահ դադար տվեց ու շարունակեց.
-Ասա տեսնեմ` ես ի՞նչ վատ բան եմ արել իմ երկրի համար, որ դեռ պիտի հեռանամ: Ինչ հիշում եմ ինձ` մի երկրի համար եմ ապրել, որն իմ պապերինն էր , որն այսօր իմն է ու վաղն իմ թոռներինը : Հնարավորություններիս ներածին չափով արել եմ ամեն բան,որ երկրիս թեկուզ մի փոքր հատվածը իմ շնորհիվ ծաղկի : Պատերազմի տարիներին եղել եմ այն քչերից մեկն, ով չլքեց իր տունն , այլ զենքը ձեռքին ` վռնդեց սապատավոր դուշմանին իր սուրբ հողից : Արել եմ ես ու չեմ արել , որ էսօր շեշտեմ էդ մասին …Ու էսօր ինչ-որ մի դաշինք ինձ ուզում է դուրս վռնդի՞ իմ երկրից: Ովքե՞ր են դրանք: Էն նոր հարևանները , որոնց լակոտների բերաններից դուրս եկածը ոչ այլ ինչ է քան աղբ : Դրա՞նք են , ասա:
Խեղճ մարդը կարդացել էր «Մեկ ազգ» դաշինքի պաստառներից մեկն ու մինչև հոգու խորքը վիրավորվել : «Դե արի ու նրան բացատրի, թե բանն ինչումն է»,- մտածեցի ես :
Սկսեցի նրան պատմել, որ կա մի դաշինք, որն ամեն ինչին դեմ է ու հենց այսպես է իր բողոքի ճիչն արտահայտում,ու որ «Լևոն հեռացիր» խորագրով փոքր գրվածքը հեչ կապ չունի նրա հետ. թեման լրիվ այլ է , Լևոնը ` ևս, հո՞ մենակ նա չէ Լևոն այս աշխարհում :
-Բա որ իմ մասին չէր այդ հղումը, ինչու՞ են բերել ու հենց իմ տան դեմը փակցրել, -չէր համոզվում Լևոն պապը:
-Այ Լևոն պապ, այ ես քո ցավը տանեմ, վաղն էլ կբերեն մեկ այլ գրվածք կփակցնեն, որտեղ նույն դաշինքը դեմ կլինի համասեռամոլներին: Դու հո՞ համասեռամոլ չես, որ վերագրես գրվածքը քեզ: Ամեն տեղ էլ փակցնում են , մի վհատվիր:
Ինչքան էլ որ բացատրեցի, Լևոն պապի ուղեղի մի մութ անկյունում դեռ շարունակում էր բնակվել այն մռայլ միտքը, որ դա նենգ հարևանների դավադրությունն է,և ամեն օր շարունակ ինձ հարցնում էր ` արդյո՞ք դեռ նոր բաներ չեն կպցրել իր պատին այդ փոքրահոգիները:
Էսօր Լևոն պապի տարին տվեցինք : Բոլորս միասին արդեն որերորդ անգամ ցավով
հասկացանք, որ հենց նրա պարզ գոյության սքանչելի ճշմարտությունն էր մեր օրը լցնում:
Առակս ի՞նչ կցուցաներ ` հարգելի «ՄԵԿ ԱԶԳ» քո տտիպ պաստառները համապատասխան տեղեր կպցրու կամ մի կպցրու: Էսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել