Իհարկե, մարդ ուզում է մեկի մեջ ազգային խղճի մարմնացումը տեսնել, ինչպես Շիրազի կամ Սահյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի կամ Սոս Սարգսյանի մեջ էինք տեսնում։ Բայց անցել են այդ ժամանակները, ու դրամ աշխատողներն են հրապարակում։ 
Հիմա Ազնավուրն է այն տախտակամածի կտորը, որից ուզում են կախվել խեղդվողները։ 
Բաց թողեք մարդուն, ազատեք անտեղի պատասխանատվությունից, թույլ տվեք մարդը՝ Ազնավուրը իր համար ապրի։ Աշխարհը բաժանել եք հայի ու ոչ հայի, այնինչ այն ավելի բարդ է։ Բարդ է ու տաղտկալի երբեմն, երբեմն էլ զարմանահրաշ է ու գունեղ։ Զբաղվեք Ձեր սիրով, նոր հանճարներ ծնեք ու դաստիարակեք։ Թույլ տվեք ծերունի մարդը երջանիկ լինի առանց Ձեզ։ Նա մեղավոր չէ, որ ուսերին բեռ է առել, իսկ Դուք կարծել եք՝ նա բեռնատար է։ Եթե ուզում եք սիրել Ազնավուրին, սիրեցեք ինչպիսին կա, այլ ոչ թե սեփական սպասումների պրիզմայով նայեք նրան ու նրա գործերին։
Ասե՞լ է, թե մայրս թուրք է եղել, թող լինի այդպես, ասում է ֆրանսիացի եմ, ներեցեք նրան։ Նա իր ասելիքն ասել է, իր անելիքն արել է հանուն իր ժողովրդի։ Զբաղվեք նախագահով ու նրա եղբայրով, կաթողիկոսով ու նրա եղբայրով, որոնց մայրերը հայ են, բայց գրավել են գագաթներն ու նստել են պինդ։ Ահա թե որտեղ են մեր պրոբլեմները։ Իսկ Ազնավուրին բաց թողեք, խնդրում եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել