Անկեղծ ասեմ՝ կատակ չեմ անում, չեմ ծաղրում: Պարզապես առավել հարմար կոչ չգտա, քան «Մանիֆեստի» կոչն էր...

Այսօր Գյումրիում էի: Տոն էր քաղաքում: Պատասխանատուները ջանացել էին տոնական տրամադրություն ստեղծել, որոշակի նախաձեռնություններով հանդես գալ:
Ու որոշ բաներ ստացվել էին:
Բայց սիրտս մղկտում էր: Քաղաքն ամայության է դատապարտվում, դատարկվում է քաղաքը, թշվառության ուրվականն է շրջում քաղաքում...
Նայեցի բարձր բլրի վրա տարածված Սև բերդին, ուրախացա: Հսկայական աշխատանքներ են կատարվել, շուտով Գյումրին բացառիկ զբոսաշրջային ու ժամանցային կենտրոն կունենա: Գուցե զբոսաշրջիկներ գան...
Բայց դա չի կարող մխիթարական լինել, չի կարող ոգևորող լինել, որովհետև օրավուր դատարկվում է քաղաքը, հիասթափությունը դառնում է տիրական:
Մինչդեռ Գյումրին կարող է չափազանց կարճ ժամանակամիջոցում վերականգնվել, նոր շունչ առնել, կարող է նորից ունենալ 200 հազարից ավելի բնակիչ:
Պարզ է՝ այս երկրի իշխանավորներին Գյումրին պետք չէ, նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ երբեմնի հզոր քաղաքը վերածվի ռուսական զորքի համար փոքրիկ բնակատեղիի:
Իսկ ի՞նչ են մտածում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող գյումրեցիները: Արդյո՞ք նրանց սիրտը չի ցավում հարազատ քաղաքի համար, արդյո՞ք չեն ուզում իրենց բիզնեսի համար նոր հանգրվաններ որոնել՝ ի դեմս սիրելի քաղաքի:
Ռուսաստանում և Եվրոպայում մոտ 100 դոլարային միլիոնատեր գյումրեցի կա: Ոչ ոք ողորմություն և բարեգործություն չի ուզում: Ոչ ոք չի խնդրում, որ մարդասիրական օգնության բեռներ լինեն: Դրանք փրկություն չեն: Պետք է, որպեսզի այս հարյուր միլիոնատեր գյումրեցուց յուրաքանչյուրը փոքրիկ ներդրում անի, Գյումրիում ևս բիզնես ծավալի: Ու քաղաքն իրապես կբարգավաճի:
Մի՞թե մենք հրեաների չափ չկանք, մի՞թե մեր հարևան վրացիների չափ չկանք, որոնք Քութայիսը դարձրել են ծաղկուն քաղաք...
Շտապել է պետք, Գյումրիին դեմքով շրջվել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել