Լրագրողի մտորումներ
Սեպտեմբերի 26-ին Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ուղեկցությամբ վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիիսկան,,, ուղևորվեցիր ծննդավայր՝ ստանձնելու մարզպետի պարտականությունները: Ըստ նախօրոք շրջանառվող լուրերի, Գորիսում, պետհամալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանի գլխավորությամբ, անհնազանդության ցույց էր լինելու, շատ գորիսեցիներ ,,ոչ,, էին ասելու վերանշանակված մարզպետին: Որոշ գյուղերի մոտ ճանապարհներ էին փակվելու, անհնազանդության ու մերժումի ցույց էր լինելու նաև Կապանում: Խոսվում էր այն մասին, որ մեծ թվով երիտասարդներ պիտի փակեին մարզպետարանի դուռը՝ թույլ չտալով Սուրիկ Խաչատրյանին մուտք գործելու: Սեպտեմբերի 25-ին Գորիսի Ընդհանուր իրավասության դատարանի մոտ կազմակերպված հանրահավաքը նախադուռ էր լինելու բողոքի ու դժգոհության ալիքի համար: ,,Նման բան չի կարող լինել: Կտեսնեք, որ համաժողովրդական ցնծություն է լինելու,, ,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասաց Սուրիկ Խաչատրյանը: Հեգնանքով ընդունեցինք նորանշանակի համոզվածությունը՝ ծանոթ լինելով այն տրամադրություններին, որոնք իշխում են Սյունիքում: Իհարկե, նաև գիտենալով, որ փոքր թիվ չեն կազմում նրանք, ովքեր սպասում են Լիսկայի վերադարձին, ովքեր այս ողջ ընթացքում հանդիպել են նրան, խնդրել ջանքեր գործադրել՝ վերադարձի համար:
Այն, ինչ տեղի ունեցավ դիմավորման ժամանակ՝ վեր էր բոլոր պատկերացումներից: Ե՛վ ցնծալից տրամադրությունը, և՛ դհոլ-զուռնան, և՛ բացված սեղանը, և՛ սյունյաց բարբառով հնչած ողջերթի խոսքը գերազանցեցին բոլոր պատկերացումներն ու սպասելիքները, հաստատվեց Սուրիկ Խաչատրյանի այն հավաստիացումը, թե շատերն են սպասում իր վերադարձին: Համաժողովրդական տոնախմբություն, որպես այդպիսին, տեղի չունեցավ, ինչպես ոմանք են հավաստիացնում, համայնքապետերից ոմանք էին ճիգ ու ջանք գործադրել՝ կազմակերպելու համար իրենց ,,շեֆի,, դիմավորումը: Բայց դիտելով տեսանյութերը, համոզվում ենք, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր էր կազմակերպել ու պարտադրել: Կային անկեղծ ժպիտներ: Ուրեմն, իսկապես կա մի առեղծված, որն առայժմ անհնար է վերծանել, ուրեմն, Սուրիկ Խաչատրյանը շատ ավելի լավ գիտի սյունեցիներին, քան ոմանք կարծում են: Այստեղ կարող են սաուր ճոճել, դժգոհություն հայտնել, կարող են Սուրիկ Խաչատրյանին համարել մարդասպան ու հանցագոր, բռնաբարող, սակայն անհրաժեշտության դեպքում ժպտալ ու քծնել: Ստրկության դարավոր ախտանիշ, որը նստած է ոչ միայն սյունեցիների մեջ, որի դեմ կռվել են դարեր շարունակ, սակայն չեն կարողացել իսպառ ոչնչացնել: Վերանշանակված մարզպետի դիմավորման արարողության մեջ և՛ ստրկամտությունն ու պարտադրանքներին ենթարկվելու դրսևորոմը կար, և՛ կար նաև ոմանց անկեղծ ուրախությունը: Նշանակում է, տարիների ընթացքում Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն շատ լավ է ուսումնասիրել իրեն շրջապատողներին, այլև կարողացել է ոմանց համար իսկապես ընդունելի լինել: Ավելին, Սուրիկ Խաչատրյանն իր վերանշանակմամբ հաստատեց այն միտքը, որ ինքը ստեղծել է մի այնպիսի միջնաբերդ Սյունիքում, որը միայն իրեն է ենթարկվում և որի հզորության բանալին իր ձեռքերում է: Եվ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել իր հետ: Իսկ իշխանություններն ունեն առաջադիր խնդիրներ, որոնք, իսկապես, առանց Սուրիկ Խաչատրյանի չեն կարող լուծել: Ինչպես բազմիցս ասել ենք, սպասվող համապետական ընտրություններ և սահմանադրական հանրաքվե, ընդդիմության առաջխաղացումը ճնշելուն միտված քայլեր, տարածաշրջանում ունեցվածքի բաժանման հրամայականներ և այլն: Հատկապես վերջինը պատահական չենք հիշատակում: Այս ողջ ընթացքում մեր լրատվամիջոցները գտնվեցին մոլորության մեջ, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը կապակցեցին Բուդաղյաններին առնչվող ողբերգական իրադարձություններին, մինչդեռ Ավետիք Բուդաղյանի սպանությունը Սուրիկ Խաչատրյանի տան բակում ընդամենը պատրվակ էր: Ոչ մի դեպքում Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում չէր գրի, եթե չլինեին այլ հանգամանքներ: Մենք մեր հրապարակումներից մեկում նշել ենք, որ մարզպետը հրաժարվել է պաշտոնից՝ համակողմանի և արդար նախաքննություն իրականացնելու պայմանով, որպեսզի նրա ներկայությունը մարզպետի պաշտոնում չդիտարկվեր որպես ճնշում նախաքննական մարմնի վրա: Եվ սա իրականությունն էր: Սակայն՝ ոչ ամբողջական իրականությունը: Սուրիկ Խաչատրյանի շուրջ օղակը սեղմվում էր մինչև ողբերգական հունիսի 1-ը: Մարզում առաջացել էր հանքավայրերից մեկի խնդիրը, որն անմիջականորեն կապակցվում էր էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Արմեն Մովսիսյանին: Շուրջ 47 մլն դոլար արժեցող այս հանքավայրի առթիվ համաձայնություններ տեղի չէին ունեցել, մարզպետն ամեն կերպ խոչընդոտել էր, որպեսզի իր հայրենակից նախարարն այս գործարքից էլ ձեռքերը տաքացնի, ավելացնի իր հարստությունները: Բնականաբար, Սուրիկ Խաչատրյանն էլ իր բաժինն ուներ: Բազմաքայլ մի կոմբինացիա էր հղացված այդ հանքավայրի շուրջ, որի ,,պտուտակներ,, հանդես եկող պաշտոնյաներից ամեն մեկն ուզում էր ստանալ իր ,,չաղ,, բաժինը: Ու գլխավոր խոչընդոտը Սուրիկ Խաչատրյանն էր, որը, լինելով մարզի կառավարիչը, բնականաբար, պիտի ստանար իր հասանելիքը: Հենց Արմեն Մովսիսյանն էլ նախապատրաստում էր Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը՝ որոնելով պատրվակներ և առիթներ: Ու նրան հաջողվեց իշխանություններին համոզել՝ հրաժարականի դիմում գրել տալ Սուրիկ Խաչատրյանին: Այնպես որ, հունիսի 1-ի ողբերգությունն այստեղ էական չէր: Ի վերջո, Լիսկան այն հզորներից է, որը կարող էր լուծել ողբերգությանն առնչվող ցանկացած հարց:
Նոր կառավարության ձևավորման ժամանակ Արմեն Մովսիսյանը դուրս մնաց: Նրան հասկացրեցին, որ այլևս անելիք չունի կառավարությունում, որ պաշտոնանկությունը փրկություն է իր համար, քանզի կարող է հայտնվել բանտում՝ կորցնելով տարիների ընթացքում ձևավորած տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող իր ունեցվածքը: Այս պաշտոնանկությունն արդեն հուշումն էր այն բանի, որ Լիսկան վերադառնալու է: Որովհետև այս ընթացքում եղել էին բացահայտումներ, պարզվել էին Արմեն Մովսիսյանիհյուսած որոգայթները, տեղի էին ունեցել իրավիճակի փոփոխություններ, ձևավորվել էր մի նոր ալյանս Սուրիկ Խաչատրյանի և Հովիկ Աբրահամյանի միջև: Եվ, գուցե շատերի համար զարմանալի, այս պատմության մեջ իրավացին Սուրիկ Խաչատրյանն էր, որովհետև թույլ չէր տվել Արմեն Մովսիսյանին միայնակ տնօրինելու ահռելի հանքավայրի ճակատագիրն ու ակնկալվող եկամուտները…
Սուրիկ Խաչատրյանի դիմավորումն ու ընդունելությունը ,,մատ,, արեցին շատերին: Գրեթե բոլոր լրատվամիջոցներին, հասարակության այն ուժերին, որոնք պայքարում էին Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման դեմ, որոնք համոզված էին, թե Սյունիքը կմերժի նրան, թե Սյունիքը չի ընդունի Սուրիկ Խաչատրյանին: Իսկ ահա Սյունիքը ցուցադրաբար ընդունեց նրան՝ կարծես հուշելով ու հրամայելով, որ ոչ ոք իրավունք չունի խառնվելու իր ներքին խնդիրներին, որ ինքն է ընտրում իր կառավարչին, ինքն է կրում պատասխանատվությունը: Իսկ շահագրգիռ դաշտը հայտնվեց խաղից դուրս վիճակում: Ճիշտ է, Կապանում չափազանց զուսպ էր ընդունելությունը, փողոցներում դհոլ-զուռնա չհնչեց, կապանցիներն աղ ու հացով չդիմավորեցին մարզպետին, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ կապանցիները ևս համակերպվել են իրականությանը: Կարող ենք ասել, որ ոչ միայն համակերպվել են, որքան հասկացել են, որ անզոր են ընդդիմանալու կայացված որոշմանը: Եվ այդ անզորությունն այսու կլինի ուղեկից, կլինի հոգեբանական իրավիճակ: 
… Իսկ ինչպիսին են տրամադրությունները մարզի մյուս բնակավայրերում: Շտապենք ու ասենք. Սուրիկ Խաչատրյանի ցնծալից ընդունելությունը Սյունիքի դարպասների մոտ սառըցնցուղ էր շատերի համար: Ու նաև՝ հրահանգ. Պիտի շարունակենք այսպես ապրել: Միայն տացե Աստված, որ ինչ-որ բան փոխվի, որ Սուրիկ Խաչատրյանը ձգտի լույսն ավելացնել, ոչ թե խորացնել ստվերը… Քանի դեռ կան այս իշխանությունները, քանի դեռ Հայաստանը չի փորձում ազատագրվել ավատականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել