flag-girlՇուտով սեպտեմբերի 21-ը կլինի։ Անկախության մեր երթը մեկ տարի առաջ էր։ Շատերն էին զարմացել էդ երթի վրա՝ Հայաստանի համարյա ամբողջ քաղաքական ու քաղաքացիական դաշտը ընդգրկված էր դրանում։ Լավ նշան էր։ Հայաստանի ինքնիշխանության արժեքն ու դրա վրա կախված վտանգը գիտակցելու նշան։ Բայց վտանգը գիտակցելը քիչ ա դեռ, պետք ա նաեւ իմանաս՝ ոնց անես որ վտանգը հեռացնես։ Ու ստեղ են ծագում խնդիրները։

Անկախության հետ կապված խնդիրները շատ են, բայց իմ էս տեքստում ես դրանցից միայն մեկի վրա եմ ուզում կենտրոնանալ՝ էն խնդրի, որի մասին քչերն են բարձրաձայնում։ Հայաստանում ձեւավորվել ա անկախականի մի տիպ, անկախականության մի ավանդույթ, որը երկրի ինքնիշխանության խնդիրը քաղաքական դաշտից տեղափոխում ա հուզական գերլարվածության դաշտ եւ օգուտ տալու փոխարեն հասցնում վնաս։ Էդ ավանդույթի մշակած կաղապարի համաձայն՝ անկախականը էն մարդն ա, որն անվերջ խոսում ա անկախության բացակայությունից։ Նման անկախականը, որին ես կանվանեմ ավանդական անկախական, անխտիր ամեն ինչում տեսնում ա ռուսների դավադիր հետքը եւ ռուսների դերը Հայաստանի ճակատագրում ներկայացնում ա որպես որոշիչ։ Ստացվում ա՝ անկախություն ունենալու համար Հայաստանը պետք ա կռվի դուրս գա ռուսների դեմ։ Քանի որ հայաստանցիների մեծամասնությանն էս հեռանկարը բոլորովին չի ոգեւորում, ավանդական անկախականները մնում են որպես փոքրամասնություն, հագնում են չհասկացված հերոսի թիկնոցը, ու ինչը որ ամենավտանգավորն ա՝ սեփական ժողովրդի մեծամասնությանը հռչակում են որպես «հակաանկախական»։ Եթե նայեք հենց վերջին մեկ տարվա դեպքերին, պարզ կտեսնեք, որ էս արատավոր եւ փակ շղթան շատ հստակ աշխատում ա՝ սփռելով հուսահատություն եւ հոռետեսություն։

Հայոց ավանդական անկախականների շատ սիրած պնդումն էն ա, թե հայ ժողովուրդը պաթոլոգիկ ռուսասեր ա՝ ռուսներին համարում ա հավերժական բարեկամ։ Չեմ ասի, թե էս պնդումը իրականության մեջ ոչ մի հիմք չունի, բայց վստահ կասեմ, որ էս պնդումի մեջ իրողությունները չափազանցված են։ Ռուսներին մեր միակ փրկություն համարողներ հայերի մեջ իհարկե կան, սա մի բան ա, որ գալիս ա անցյալից՝ սովետական տարիներին, հիշում եմ, «հավերժ Ռուսաստանի հետ» պնդումը պաշտոնականացված էր եւ տոնական միջոցառումներին խրոխտ հնչում էր բոլոր բարձրախոսներից։ Ուղղակի փաստն էն ա, որ ռուսներին մեր միակ փրկություն համարողների թիվը երեկվա համեմատ էսօր ավելի քիչ ա ու վաղն էլ ավելի կքչանա՝ բնական ճանապարպով։ Այնինչ ավանդական անկախականները ոչ միայն անընդհատ սեւեռվում են նման մտածողության գոյության վրա՝ ակամա լրացուցիչ կշիռ հաղորդելով նման ձեւով մտածողներին, այլեւ դրան հակադրում են մեկ ուրիշ պնդում՝ թե ռուսները եղել են ու կլինեն մեր գլխավոր թշնամին։ Բայց պնդումը, թե ռուսները մեր գլխավոր ու հավերժական թշնամիներն են, նույնքան աբուրդ ա, որքան ռուսին հավերժական բարեկամ համարելը։ Դրանք երկուսն էլ իռացիոնալ պնդումներ են եւ մտածողական ծուղակներ են ստեղծում։

Ռուսաստանը ոչ մեր բարեկամն ա, ոչ թշնամին, Ռուսաստանն ուղղակի մեծ երկիր ա, նախկին գերտերություն, որտեղ շատ վտանգավոր գործընթացներ են էսօր գնում, եւ Հայաստանի ինքնիշխանությունը կախված ա նրանից, թե որքանով մենք կկարողանանք հնարավոր նվազագույնի հասցնել Հայաստանի կախվածությունն էդ գործընթացներից։ Իսկ ատելությունն ու վախը նույնպես կախվածության ձեւեր են։ Դժվար ա ասել՝ անվերապահ ատելությունն ա ավելի շատ քեզ կախվածության մեջ գցում քո ատելության օբյեկտից, թե անվերապահ սերը։

Գիտեմ որ սա դժվար խոսակցություն ա եւ ասածս միանշանակ չի ընդունվի։ Որովհետեւ նշածս անկախականների մի հիմնական մասը հերոսի կերպարի մեջ են, պատրաստ են զոհողությունների գնալ սեփական գաղափարների համար, ու հաճախ հենց՝ գնում են։ Բայց եթե գաղափարդ Հայաստանի անկախությունն ա, քո համար պետք ա անկարեւոր չլինի՝ զոհողությունդ էդ անկախությանը նպաստո՞ւմ ա, թե չէ։ Իսկ եթե ոչ թե նպաստանում ա, այլ վնասո՞ւմ՝ ստեղծելով էն վտանգավոր խաբկանքը, թե Հայաստանոււմ անկախականները մի բուռ են, իսկ բնակչության մեծամասնությունը հակաանկախական ա։ Մի՞թե հերոսանալն ու դրա հետ կապված հուզական լիցքը ավելի կարեւոր են, քան ռեալ անկախությունը՝որպես քաղաքական նպատակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել