Հրաչ Քեշիշյանն ընդդեմ էժանագին հումորի
<<Մոսկվա>> կինոթատրոնում ցուցադրվում է Հրաչ Քեշիշյանի <<Մեր սրտի տնակը>> քնարական կատակերգությունը: Իհարկե, այն բուռն հետաքրքրությունը չկա, որով շրջապատվեց նրա <<Նժդեհ>> ֆիլմը, բայց <<Մեր սրտի տնակն>> էլ իր հանդիսատեսներն ունի, իրենով հետաքրքրվողները: Եվ սա օրինաչափ է, որովհետև ամեն մի ժանր իր սիրահարներն ու երկրպագուներն ունի: 
Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի սցենարի հեղինակը Միքաել Պողոսովն է: Հայտնություններ չի արել սցենարիստը, չի դիմել սյուժետային բացառիկ գյուտերի ու հայտնությունների, այլ, հենվելով արդեն իսկ համաշխարհային կինոյում առկա նմանատիպ սյուժեների վրա, երբ խաղն ու պատահականությունը վերածվում են մեծ սիրո, ստեղծել է երբեմն կանխատեսվող իրադարձությունների և գործողությունների մի շարք, որոնց միջից ակնհայտվում են զգացմունքը, մարդկայնությունը, բարությունը: Ֆիլմի հենց սկզբից, երբ հերոսները ստիպողաբար մեկնում են Հայաստան, կանխատեսվում է ֆիլմի ավարտը, որը տանում է դեպի happy end, երջանիկ հանգուցալուծում՝ այնքան նման Է. Ռյազանովի <<Ծառայողական սիրավեպին>>… Բայց այս ստեղծագործությունը մեծ խորհուրդ և մեծ իմաստ ունի, այն հուշում է ապրել հիշողությունների հետ՝ պատասխանատվություն կրելով այդ հիշողությունների առջև, սեփական խղճի առջև…
Հրաչ Քեշիշյանի ֆիլմն իր կինեմատոգրաֆիական ինքնատիպ լուծումներով, օպերատորական հրաշալի աշխատանքով, որը հիշեցնում է արևմտյան կինոյի լավագույն ավանդույթները, Հայկո Հակոբյանի սրտամոտ, ֆիլմի էությանը մոտ ու հարազատ երաժշտությամբ դառնում է ուշագրավ երևույթ մեր կինեմատոգրաֆում, արձանագրում բեմադրիչի ստեղծագործական և մասնագիտական աճը, հաստատում նրա ոճը, որը տևական ժամանակ անընդունելի էր համարվում շատերի համարվում: Հրաչ Քեշիշյանի ,,կլիպային,, արտահայտչաձևն այստեղ միավորվել է գեղարվեստական կինոյի առանձնահատկություններին և ձևավորել մի նոր գեղարվեստական վճիռ ու արդյունք: Բեմադրիչն ու օպերատորը ստեղծել են չափազանց հարուստ ներսույթներ, համայանապատկերներ, կոմբինացված ուշագրավ կադրեր, որոնք գրավչություն են հաղորդում այս ֆիլմին: 
Նպատակ ունենալով ստեղծել երկու հերոսի ֆիլմ, սցենարիստ, իհարկե, չափազանց սխեմատիկ է դարձրել մյուս կերպարները, որոնց կենսագրություններն ավարտուն ու ամբողջական չեն: Սակայն սրանց վրա ուշադրություն դարձնելն այս դեպքում անիմաստ է, որովհետև գրավում և հմայում է ֆիլմի տրամադրությունը, այն քնարականությունը, որն այս ստեղծագործության գլխավոր ձեռքբերումն է:
Ուրեմն, Հրաչ Քեշիշյանը յուրովի պայքարում է մեր գեղարվեստական և հեռուստատեսային կինոն ողողած էժանագին հումորի, կեղծ կատակերգությունների դեմ, մեր բարդ ու ամբողջապես տեխնիկանացած իրականության մեջ կարևորում մարդկային հոգին ու զգացմունքը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել