Նախ՝ հայցում եմ ընթերցողի ներողամտությունը ժարգոնային վերնագրի համար, պարզապես բարդ է այլ կերպ փոխանցել իրավիճակի գունեղությունը: Երևանի երթուղայիններից մեկի վարորդն ունի իր պարտականությունների ընկալման յուրատեսակ մի ձև՝ ըստ նրա, նա պարտավոր չէ կանգնել կանգառներում, եթե նստել ցանկացողները կամովին չեն ստանձնում սեմաֆորի պարտականություններ և նրան չեն իրազեկում իրենց ցանկության մասին:
«Էսի տրամվա չի, որ ամեն կանգառում կանգնի: Դու պտի ցույց տաս, որ ընձի ուզում ես (՞), որ ես էլ կանգնեմ, դու նստես»: Դրան հաջորդեց մի ամբողջ ճառ այն ասին, որ ուղևորները չունեն խելք և անգամ թեթևակի պատկերացում չունեն տրամաբանություն ասվածի մասին:
Իհարկե, առողջ տրամաբանությունը թելադրում է, որ երթուղայինը կանգնի բոլոր կանգառներում, այ ոչ միայն այնտեղ, որտեղ իրեն «ուզում» են, սակայն սույն վարորդը (և ոչ միայն նա) այս հարցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք: Իր պատկերացմամբ, հավանաբար, յուրաքանչյուր կանգառում կանգնելու պարտականությունը կրում է բացառապես «տրամվան»:
Եթե չեմ սխալվում, կա հարցը կարգավորող իրավական ակտ, որը պարտադրում է ուղևորատար հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների մեքենաներին կանգնել բոլոր կանգառներում (բացառությամբ այն դեպքի, երբ այն ամբողջությամբ զբաղեցված է և նոր ուղևոր վերցնելն անհնար է), սակայն վարորդին ինչ փույթ: Մարդը ստանձնել է օրենսդիր և գործադիր իշխանության պարտականությունները՝ «էս ծառն (մեքենան) իմն է, ինձ «չուզեն»՝ չեմ կանգնի» սկզբունքով, մինչդեռ «տրամվան» պետությանն է (երբ, իհարկե, կար) ուստիև պարտավոր էր կանգնել:
Իհարկե, սա փոքր կենցաղային միջադեպ է, սակայն հանրային կյանքի կազմակերպումը հենց դրանցից է սկսվում: Քանի դեռ մեզնից յուրաքանչյուրը չի գիտակցում, որ երկրում եղած ամեն ինչը բոլորինս է, պարտականությունները կրելու է միայն «տրամվան», իսկ յուրաքանչյուրն իր տեղում իրեն զգալու է փաշայի կարգավիճակում:
Իսկ քանի դեռ այս մենթալիտետը հաղթահարված չէ, հաջողությունը մեր դուռը չի թակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել