Սուրբ Տիրամայրը, զօրուգիշեր հարատևելով աղոթքի և պահքի մեջ, ամենայն հավատարմությամբ սպասում էր Որդու խոստմանը: Նա հաճախ էր այցելում Քրիստոսի թափուր գերեզման և շարունակ աղոթք բարձրացնում առ Աստված: Այցելություններից մեկի ժամանակ Սուրբ Աստվածածնին է հայտնվում Գաբրիել Հրեշտակապետն ու ավետում Սուրբ Կույսին Վերին Երուսաղեմ վերափոխվելու մասին: Աստվածամոր երկրային կյանքի վախճանին անսովոր փառահեղությամբ ճերմակափայլ lույս հեղվեց` ազդարարելով սրբերի և հրեշտակների ներկայությունը, որոնք դեպի Երկնային լույսն էին առաջնորդելու Սուրբ Կույսին: Բարդուղիմեոս առաքյալը, վերադառնալով Երուսաղեմ, խնդրում է առաքյալներին բացել գերեզմանը` Տիրամորը վերջին հրաժեշտ տալու համար, սակայն այնտեղ չէր Սուրբ Աստվածածնի մարմինը. Այն վերափոխվել էր:
Հայոց եկեղեցու բոլոր խորաններն Աստվածամոր պատկերով են` Հիսուս Մանկանը գրկին. Սուրբ Կույսն իր կենդանագիր պատկերն ինքն է տվել Հովհաննես Ավետարանչին, ում Հիսուս Քրիստոս խաչվելուց առաջ հանձնել էր Իր Մոր խնամատարությունը: Մովսես Խորենացու վկայությամբ` Սուրբ Աստվածամոր պատկերը Հայաստան է բերել Բարդուղիմեոս առաքյալը և զետեղել Անձևացյաց գավառի Դարբնուց քար կոչված վայրում, որտեղ հետագայում եկեղեցի և կուսանոց է կառուցվում` ի հիշատակ Սուրբ Տիրամոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել