Ամեն օր արթնանում եմ նույն ժամին, մի կես ժամ թավալվելով անկողնուս մեջ վեր կենում և շտապ միացնում հեռուստացույցը, որպեսզի լսեմ կամ դիտեմ երեկվա հայկական սերիալները:
Ավարտելով գործերս դուրս եմ գալիս տնից: Համարյա ամեն օր աշխատանքի գնալիս հանդիպում եմ նույն մարդկանց:
Նրանք անծանոթ են ինձ , բայց երբ ամեն օր տեսնում ես նույն մարդուն՝ նրանք մեխանիկորեն դառնում են ծանոթներ: Եվ ես մի օր որոշեցի բարև տալ նրանցից մեկին, մոտեցա մի կնոջ և ասացի.
-Տիկին ջան եկեք բարև տանք միմյանց, չէ որ ամեն օր հանդիպում ենք ու միայն ժպտում:


Այդ օրվանից մենք բարևում ենք ու խոսակցության բռնվում: Մեր զրույցներից պարզվեց, որ շատ ընդհանուր ծանոթներ ունենք:
Մենք սկսել ենք արդեն անհանգստանալ միմյանց նկատմամբ, եթե մի քանի օր հանկարծակի չենք հանդիպում: Եվ վերջապես հայերս, եթե բարեկամ չենք ապա քավոր-սանիկ ենք, կամ խնամիներ:
Ապրում եմ Ավետ Ավետիսյան փողոցի վրա, բայց դուրս եմ գալիս դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, խաչմերուկից շատ լավ երևում են մեր սիրելի սարերը՝ Մասիսն ւ Սիսը: Ամենօր տեսնում եմ նրանց ու բարևում: Լինում են օրեր, երբ նրանք չեն երևում, բայց ես բարևում եմ ու բարևում իմանալով, որ նրանք այնտեղ են:
Եթե երկուսն միասին են երևում օրս շատ լավ սկսվում ու վերջանում է, բայց եթե միայն Մասիսն է երևում այդ օրը կարծես մի բան կորցրած լինեմ:
Ու ողջ օրը ման եմ գալիս, որ կորցրածս գտնեմ: Գտնում եմ մյուս օրն առավոտյան, երբ տեսնում եմ Սիսին:
Մեր սիրելի սարերով միայն ես չեմ հիանում, երբ Հայաստան էր եկել Ֆրանսիայի նախագահը , ով չէր ցանկացել իջնել ինքնաթիռի սանդուղքներից, որովհետև աչքն էր հառել գեղատեսիլ Մասիսը:
Անահիտ (61 տարեկան)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել