Պատմության դասերը մեզ այդպես էլ չեն սովորեցնում դուրս գալ պատրանքներից ու վերլուծություններ կատարել տարածաշրջանային գործընթացների շուրջ՝ էմոցիաներից ձերբազատված: Թշնամի, բարեկամ, դաշնակից, գործընկեր՝ այս միֆերի բառակույտը երկար կարելի է շարունակել: Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցող գործընթացների համատեքստում եկեք մի պարզ ճշմարտություն հասկանանք: Նախ սկսենք նրանից, որ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ՝ այդպիսի տարածաշրջան իրականում գոյություն չունի, այլ կա Անդրկովկաս, որտեղ գտնվում ենք մենք՝ մի շարք այլ պետությունների հետ մեկտեղ: Հարավային Կովկաս տերմինն արհեստականորեն դրվեց շրջանառության մեջ, հետագայում այն որպես ազդեցության գոտի օգտագործելու համար: Ընդորում, հարկ է մատնանշել, որ գերտերությունների ու հիմնական խաղացողների համար կեղծ տերմինաբանության տակ մտած այսպես կոչված հարկովկասյան երկրներն առանձին վերցրած, որևէ մեկի համար առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում, այլ կարևորվում են իրենց ընդհանրության մեջ՝ որպես տարածք, ոչ թե պետություն: Հետևաբար այդ տարածքում առկա պետությունների միջև ընթացող գործընթացները դիտարկեք որպես գործիքակազմ, որով խաղի կանոնները որոշողները փորձում են դիրքային՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական առավելություններ ստանալ մեկը մյուսի նկատմամբ: Սա բավական է հասկանալու համար, որ ներկա պահին որևէ մեկը ոչ Ադրբեջանին և ոչ էլ Հայաստանին թույլ չի տալու պատերազմ սկսել ու գործընթացը արագ ավարտին հասցնել: Լեռնային Ղարաբաղի խնդիրը կատարյալ գործիք է այն պարբերաբար շահարկողների համար ու ստատուս քվոյի պայմաններում այն դեռ երկար կմնա: Դա ձեռնտու է և դրսին և ներսում գործող իշխանություններին: Դրսի համար շահարկման և առևտրի կատարյալ մեխանիզմ է, իսկ իշխանությունների համար՝ իրենց հարատևությունն ապահովելու լավագույն գործիքներից մեկը: Այնպես չէ, որ Ադրբեջանը զարթնեց ու ինքնուրույն որոշեց, որ այսօր դիվերսիա պիտի անի: Տեղի ունեցածը ես կկապեի Ռուսաստանի ցանկությունների հետ խաղաղապահներ տեղակայել, որին հեռակա կարգով ընդիմացանք, և որը ոչ այլ ինչ է, քան ազդեցության լծակների ավելացում Ռուսաստանի համար: Երբ ասում ենք, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի մատը խառն է, չի նշանակում Պուտինը կամ Օբաման զանգահարեցին Ալիևին կամ Սարգսյանին ու ասեցին դե դիվերսիա և հակահարձակում արեք, ՙՙշուխուռ է՚՚ պետք: Հրահրելու այնքան շատ տեխնոլոգիաներ կան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել