Ադրբեջանական կողմը փորձում է մարտադաշտում ձախողումները փոխհատուցել տեղեկատվական ճակատում՝ կեղծ տեղեկատվություն տարածելով թե՛ լրատվամիջոցներով, թե՛ սոցցանցերի կեղծ հաշիվներով, թե՛ այլ միջոցներով:
Օրինակները քիչ չեն՝ հայկական կորուստների ուռճացում համապատասխանաբար ադրբեջանական կորուստների նվազեցմամբ, Արցախի տարբեր բնակավայրերում դիվերսանտների առկայություն, ծանր տեխնիկայի կամ օդուժի կիրառում և այլն: Դրանց նպատակը մեկն է՝ խուճապ ստեղծել հայերի մոտ և նվազեցնել խուճապն Ադրբեջանում:
Իրենց ցանկությունը չիրագործելու ամենարդյունավետ ճանապարհն այն է՝ որ չհավատանք չստուգված տեղեկատվությանը և չտարածենք այն: Երբ ասում են՝ «ընկերս զանգեց Արցախից ու ասեց, որ էսքան զոհ ունենք» կամ «ընկերս ասեց, որ իրենց հարևանի երեխան x քաղաքում թուրք է տեսել», պետք է ասել՝ «ընկերդ ղալաթ ա արել»...
Բարեբախտաբար, ՀՀ և ԼՂՀ ՊՆ-ները առավելագույնս թափանցիկ են աշխատում, և օպերատիվ կերպով ներկայացնում են բոլոր հնարավոր մանրամասները: Այսինքն՝ եթե որևէ բամբասանք պաշտոնապես չի հաստատվում, հետևաբար համոզված եղե՛ք, որ սուտ է, և պետք չէ խայծը կուլ տալ:
Ի դեպ, երբ այդպիսի շղթայական բամբասանքներ եք լսում որևէ մեկի ընկերոջ կամ եղբոր կատարմամբ, զանգե՛ք կամ գրե՛ք ինձ, ես էլ կասեմ, թե իմ ընկերը կամ եղբայրն ինչ են ասում դրա մասին 
Հ.Գ. այս քանի օրվա քարոզչական պատերազմը բացառիկ հնարավորություն է քողազերծելու և շարքից հանելու սոցցանցերում տարիներ շարունակ ձևավորված ադրբեջանական քարոզչական ցանցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել