Imyerevan.com-ը գրում է.

Պիկ ժամ: Խիտ լցված հասարակական տրանսպորտի մեջ կանգնած՝ ես հայտնվեցի փոքրիկ Երևանի մեծ խցանման մեջ: Երեք տակ ծալված սպասում էի, թե երբ Բաղրամյան փողոցի էստաֆետան կանցնի Մաշտոցի պողոտային: Ակնհայտ էր, որ ոտքով դա շատ ավելի արագ կստացվեր: Բայց «ռեզինե» սրահի մեջտեղից անհնար էր տեղաշարժվել, չստացվեց ոչ ժամանակ խնայել, ոչ էլ նյարդեր: Ամենից շատ այդ պահին ես նախանձեցի մի տղայի, որ հեծանիվով մեր կողքով հանգիստ սլացավ: Խմբված մեքենաների ու հասարակական տրանսպորտի բազմազանություից նյարդայնացած ինձ մոտ ուտոպիստական միտք ծագեց «իսկ եթե դրանք անհետանան»: Այդ հարցին պատասխանեցին երկրի հայտնի դեմքերը:

Մարկ Սաղաթելյան
Դերասան, հեռուստահաղորդավար, ՈՒՀԱ ԵրՄԻ թիմի անդամ
Ես օդապարիկով կշրջեի: Նախ օդում խցանումներ չեն լինում, բացի այդ վերևից նայելը շատ ավելի հետաքրքիր է, ավելի շատ բան է երևում: Վաղ թե ուշ բոլորն էլ կսկսեն օդով տեղաշարժվել: Առհասարակ, ես կարծում եմ , որ պետք է երկրագնդի այդ հատվածն էլ գրավել: Մարդիկ սովորել են արագ կյանքի, իսկ սա արագ մի վայրից մյուսը տեղաշարժվելու լավագույն տարբերակն է: Շատերը արդեն անցել են ուղաթիռների: Թեպետ, պետք է ընդունենք, որ ստորգետնյա տրանսպորտն էլ իր կարևոր նշանակությունն ունի: Բայց Հայաստանում, ինչպես ես հասկանում եմ, այն պատվաբեր չէ: Իսկ եթե պատվաբեր չէ, ուրեմն հարմարավետությունն էլ ոչ ոքի պետք չէ: Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչպես կարելի է նման փոքր քաղաքում ունենալ այդքան շատ մեծ ու թանկարժեք ավտոմեքենաներ, որոնք նույնիսկ կայանելու տեղ չունեն: Փոքր քաղաքում պետք է լինեն փոքր մեքենաներ: Բայց, քանի որ մենք կոմպլեքսավորված ժողովուրդ ենք, մեր մեքենաներն էլ պետք է մեծ լինեն: Մի կարևոր բան էլ նշեմ, քանի դեռ այս ժողովրդի մեջից չի վերացել քաղքենի մտածողությունը, իսկ դա երբեք էլ տեղի չի ունենա, մոռացեք հեծանիվների և անվաչմուշկների մասին: Հենց այդ պատճառով էլ, եթե ավտոմեքենաները այսօր անհետանային, մարդիկ կտեղաշարժվեին սեփական ոտքերի վրա:

Արման Աբովյան
Գիտակների թիմի կապիտան
Եթե չլինեին մեքենաներ, ես ոտքով կքայլեի: Ու, քանի որ, ես օրը ճիշտ պլանավորելու աշխարհի չեմպիոն եմ, այնպես կհաշվարկեի ամեն ինչ, որ առանց մեքենայի էլ ամենուր կհասնեի: Առհասարակ, Երևանը ունիկալ է նրանով, որ այստեղ մենք բոլորս կամ բարեկամ ենք, կամ ընկեր, կամ էլ համադասարանցի: Դե պատկերացրեք, որքան ծանոթ կարելի է հանդիպել Քանաքեռից Բանգլադեշ ճանապարհին: Էլ չեմ ասում, որ պետք է սիրես քաղաքդ, դրա յուրաքանչյուր մետրը, սա մեր պատմությունն է: Եվ միայն քայլելիս կարելի է այդ ամենը տեսնել ու զգալ, այլ ոչ թե փակ ակվարիում մեքենաների մեջ նստած:
Ինչ վերաբերվում է Երևանցիներին, ապա նրանք, ինչպես և բոլոր մարդիկ, կտեղաշարժվեին այնպես, որ հարմարավետ լիներ: Հաշվի առնելով քաղաքի ռելիեֆը, հեծանիվները մեզ չեն համապատասխանում: Չմուշկները վտանգավոր են: Առաջին մասնագիտությունով ես բժիշկ-վնասվածքաբան ու դրանց վերապահորեն եմ վերաբերվում: Եթե ձիեր, ապա դրանցից մեր քաղաքում այսպես, թե այնպես շատ կա: Այնպես, որ ամենից հարմարը ոտքով տեղաշարժվելն է: Հասկանալի է, որ դա բոլորին ի զորու չէ: Այդ դեպքում ես կառաջարկեի Երևանում ճապանուղիներ անցկացնել: Եվ կասեի ոչ ձիերին:

Արսեն Ջուլֆալակյան
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ
Ընդհանրապես մեքենաների բացակայությունը այդքան էլ վատ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Եկեք պատկերացնենք, թե մեքենաները փոխարինվել են, օրինակ, հեծանիվներով: Ի դեպ, տեղաշարժվելու հենց այդ տեսակը ես կընտրեի: Բացի նրանից, որ դա առողջ ապրելակերպի գրավական է, դա նաև էկոլոգիական դրական ազդեցություն կունենար: Մեքենաների բազմազանության պատճառով անհնար է բնակարանը օդափոխել, դա կհաստատի ցանկացած երևանցի, որ բնակվում է կենտրոնում: Այստեղ պիկ ժամերին միացնում են բարձր երաժշտություն ու պարզապես շրջում են քաղաքով: Իսկ զարգացած երկրներում մարդիկ այդ ժամերին աշխատում են ընդհանրապես մեքենա չնստել: Ավելին, եվրոպական երկրներում, օրինակ Գերմանիայում , որտեղ ես հաճախ եմ լինում, մարդիկ, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոստյումներով նստում են հեծանիվ ու գնում են աշխատանքի: Ես ինքս, երբ նոր էի մեքենա վարում, հաճախ ինչ-որ տեղ կայանում էի այն, ինքս էլ մետրո էի նստում: Հիմա էլ պարապմունքների հեծանիվով եմ գնում: Անհրաժեշտություն չեմ տեսնում 2-3 կիլոմետրի համար մեքենան գործի դնել: Այդպես և արագ է, և ճանապարհին մարզվում ես: Բայց պետք է նշեմ, որ մշտապես հեծանվով երթեկելը լավ ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում ու ոչ բոլորը դա կարող են իրենց թույլ տալ: Ի դեպ մեր փողոցներն էլ այդքան հարմարեցված չեն հեծանիվներին: Հետաքրքիր կլիներ նաև, եթե այսօրվա տաքսիների փոխարեն լինեին միմյանց ամրացված հեծանիվներ, որ կտեղափոխեին մարդկանց: Այդ ժամանակ տաքսի կվարեին միայն լավ ֆիզիկակական պատրաստվածություն անցած անձինք:

Ես շատ եմ սիրում հեծանիվ վարել: Նույնիսկ այս տարի ծննդյանս օրը հեծանվով գնացել եմ Գառնի: Ճիշտ է, սկզբում պլանավորել էի հասնել մինչև Գեղարդ, բայց սահմանափակվեցի միայն մեկ հուշարձանով, այնտեղ գաթա համտեսեցի, մի փոքր հանգստացա ու վերադարձա: Հիշողություները աննկարագրելի են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել