Հինգ օր է, գործերի բերումով գտնվում եմ Շվեյցարիայում: Ամենակարևոր հետևությունը որ արեցի` այն է, որ պիտի եսասիրության աստիճանի ինքնասեր լինենք, բարձր պահենք մեզ ու մեր արժանապատվությունը, բոլորի հետ Դուքով խոսենք, ու պահանջենք մեզ հետ այդպես խոսել, այսինքն` անհրաժեշտ տարածություն պահենք, հասկացնել տանք ասիական շրջապատին, որ մենք այլ ենք, ուրիշ, հատուկ, ազնիվ, բայց բարձրաքիթ:
Մեր երկիրը սիրենք, նրա մասին խոսենք լոկ գերադրական, այն աշխարհի կենտրոններից մեկը դարձնենք մեկընդմիշտ և անվերադարձ:
Այստեղ տիտղոսակիր ազգեր են ապրում, ֆրանսիացիներ, գերմանացիներ և իտալացիներ, բայց յուրաքանչյուրն իրեն համարում է Շվեյցարացի:
Այստեղ ռեստորանում սպասարկողն իրեն տիրոջ պես է զգում, նրա վարքը թելադրված է, նախևառաջ, տվյալ կանտոնի օրենք ու սովորույթով, այլ ոչ թե հաճախորդի քմահաճույքով: Ոչ-ոքի չեն սիրում, բացի իրենցից, իսկ քաղաքացիության ինստիտուտը հասցված է աբսոլյուտի:
Ի՞նչ են արտադրում, ժամացույց, պանիր, շոկոլադ: Այսինքն` գրեթե ոչինչ, սակայն բանկային կապիտալի , նեյտրալ արտաքին քաղաքականության, ներքին ամրակուռ ֆեդերալիզմի շնորհիվ գրավել են իրենց ուրույն տեղն աշխարհում և դարձել են անհրաժեշտ թե´ երկրներին հեռու և մոտիկ, թե աշխարհի մեծահարուստ ընկերություններին ու քաղաքացիներին:
Մի ռուս ուսանողուհու հետ զրույցում իմացա, որ տասնվեց տարի արդեն ապրում են Ժնևում, ինքը տիրապետում է Փրանսերենին և Անգլերենին, սակայն քաղաքացիության համար Ժնևում բնակվող հինգ քաղաքացու երաշխավորագիր է անհրաժեշտ, ու նաև նրանց ներկայությունը: Մեկ ուրիշը ինձ բացատրեց, որ Շվեյցարիա ոտք դրած ամեն մեկի անունով հատուկ ծառայությունները թղթապանակ են բացում, որտեղ հոսում է նրա մասին ինֆորմացիան, բանկային քարտերից մինչև կատարված գնումներ ու հաշիվներ: Ահա այսպիսին էր ինձ համար Շվեյցարիական իրականությունը` սառն ու հաշվենկատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել