Երեկ Վիտեբսկում մեկնարկեց «Սլավյանսկի բազար» էստրադային կատարողների միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնը: Փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից: Տարբեր տարիներ մեր երկիրը այդ մրցույթում ներկայացրել են Միստր Իքսը, Անի Քրիստին, Կարինե Ասիրյան, Անդրեն, Սերգեյ Խաչատրյանը, Սոնա Գյուլխանյանը, Լիլուն, Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը, Ռուսլան Էլյազյանը և Վրեժ Կիրակոսյանը: Նայելով այս ցանակին` մի շարք անծանոթ ու նորահայտ կատարողների անուններ ենք տեսնում, ում մասին լսել ենք միայն այդ տարվա «Սլավյանսկի բազար» մրցույթի օրերին և վերջ... Եվ չնայած մեր երկրից մասնակիցները ստիպել են ինձ ամեն տարի անտարբեր գտնվել այս մրցույթի հանդեպ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է մշակույթի նախարարությունը ընտրում մեր մասնակիցներին, ովքե՞ր են նրանց ընտրում ու ներկայացնում որպես ամենաարժանիներ: Օրինակ՝ այս տարվա մասնակիցը` Տիգրանուհի Շահինյան, որևէ մեկը լսե՞լ է նրա մասին, ո՞վ է 28-ամյա այս աղջիկը: Փորձում եմ համացանցում գտնել ինձ հետաքրքրող հարցի պատասխանը. խեղճ գուգլ, դե արի ու ինֆորմացիա տուր մշակույթի նախարարությունում ինչ-որ մեկի բարեկամ այս նորելուկ երգչուհու մասին. միակ ինֆորմացիան, որ կա նրա մասին, վերջին ամիսներին հրապարակված հոդվածներն են, որ Հայաստանը «Սլավյանսկի բազար» 2014-ին ներկայացնելու է Տիգրանուհի Շահինյանը, «Ընծա» ծանոթ-բարեկամների երգի մրցույթից մի ջարդված ֆրանսերենով երգի կատարում, որի համար արժանացել է «Վարդուհի Վարդանյանի» անվան մրցանակի, ու մի տեսահոլովակ, որտեղ տարօրինակ զուգադիպությամբ Տիգրանուհին դուետ է կատարում 2012 թվականին նույն մրցույթում Հայաստանը ներկայացրած ոչ պակաս անհայտ Ռուսլան Էլյազյանի հետ: ՎԵՐՋ, ահա այն ամենը, ինչ կա այս աղջկա մասին: «Սլավյանսկի բազար» մրցույթի պաշտոնական կայքում կարդում եմ նրա միքանիտողանոց կենսագրությունը, և ով զարմանք, պարզվում է՝ Տիգրանուհին երգեր և երաժշտություն է գրում, և ոչ միայն իր համար, այլև մեր էստրադայի շատ ներկայացուցիչների համար: Ու՞ր են այդ երգերը, Տիգրանուհի ջան: Լավ, ենթադրենք ուրիշներին նվիրած երգերդ դժվար գտնենք, բայց քո երգածներն ո՞ւր են: Ցավոք, անպատասխան հարցերի շարան... Զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ: Սա Հայաստանն է, երկիր, որը միջազգային մրցույթում ներկայացնում է մեկը, ում Հայաստանում ճանաչում են միայն իր ընտանիքի անդամներն ու ընկերները, կամ էլ ինչն ավելի վատ է ինչ-որ մեկի անտաղանդ երեխան, ով դեռ 4 տարեկանից է մեր լսողությունը բռնաբարում: Այնպես որ, երևի ընտրենք չարյաց փոքրագույնը, երբ ինչ-որ մեկի անտաղանդ երեխան ուշ է ի հայտ գալիս ու միանգամից Հայաստանը ներկայացնում որևէ մրցույթում, քան թե այդ «չափից դուրս տաղանդավորին» տեսնենք երկար տարիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել