Վերջին շրջանում օրերս անցնում են ցնցող կոնտրաստի ականատես լինելիս: Ցերեկները շփվում եմ աշխատասեր, տանջվող, կոշտացած ձեռքերով, քրքրված մատներով ու կորացած մեջքներով 18-20 տարեկան երիտասարդների հետ, իսկ երեկոյան, երբ փորձում եմ մի քիչ լիցքաթափվել ու սուրճ խմել քաղաքի կենտրոնում, շուրջս «պապայի բալեքն են»` շքեղ ավտոներով, որոնց բաց պատուհաններից գոռում է անճաշակ երաժշտությունը, չնայած երիտասարդ տարիքի, ունեն հղի կնոջ փորից մեծ փոր, կրում են բրենդային հագուստ և այլն: Վերջիններիս մասին չեմ խոսելու, ինքներդ տեսնում եք ու գիտեք: Կպատմեմ Գևորգի ու «ջոկատի» մասին, տղաների, որոնք սարսափելի ծանր են վաստակում իրենց հացը, բայց չեն զլանում և, ամենակարևորը, ՄԱՐԴ ԵՆ:
Արդեն հուսահատ էի եղել շինարարական աղբ տեղափոխողների հետ զրույցներից: Աստղաբաշխային գներ էին ուզել, մի մասն էլ նազ ու տուզ էին անում, թե 5 հարկ պարկեր չեն իջեցնի: Բայց աչքս ընկավ պատին փակցված հերթական հայտարարությանը ու որոշեցի սա էլ փորձել: Այդպես հանդիպեցի Գևորգին ու իր տղաներին: Մրջյունի պես փոքր ու նվազ, բայց իրենց քաշի տասնապատիկը բարձրացնող, համեստ և խղճով երիտասարդներ, որոնք նույնիսկ իրենց չվերաբերող գործերով օգնեցին և առաջարկում էին իրենց կողմից անվճար էլի գործեր անել, որ օգնեն ինձ: Նրանց մի մասը շատ շուտով բանակ է գնալու: 
Նայում էի տղաներին ու հիանում, միևնույն ժամանակ ցավ զգալով, որ այդքան երիտասարդ են ու այդքան ծանր գործի վրա: Ու, գիտեք, նրանք դեպրեսիվ չեն, չեն բողոքում, չեն տրտնջում: Կատակներով, ջան ու ջիգյարով իրենց գործն են անում: 
Հալալ է ձեզ, սարի պես տղաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել