Բարև Ձեզի, ես տաղանդավոր դերասան Արմեն Մելիքյանի մայրն եմ… Նկարվեք, նկարվեք, աշխարհը ձեր վրեն կխնդա… Ես պիտի լույսը վառեմ- մարեմ, վառեմ-մարեմ… Կարդալով այս տողերը միանգամից հիշում ենք «Մեր մանկության տանգոն» ֆիլմը և հասկանում, թե ում մասին է խոսքը: Այսօր թատրոնի և կինոյի հայ դերասանուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է: Խաղացել է ավելի քան 25 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են ` 1965- Բարև, ես եմ - Նազի 1969 - Մենք ենք, մեր սարերը - կատարածու 1971 - Հեղնար Աղբյուր - Երանոսի կինը 1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը - Սոնայի մայրը 1977 - Նահապետ - Անթառամ 1978 - Խաղի վերջ - մայր 1980 - Կտոր մը երկինք - Հովակիմի կինը 1982 - Հին օրերի երգը - Օբերոնի մայր 1982 - Գիքոր - Գիքորի մայր 1983 - Սիրամարգի ճիչը - Աննա 1984 - Ճերմակ անուրջներ - Մարիամ 1984 - Մեր մանկության տանգոն - Սիրանույշ 1985 - Խնձորի այգին - Նոյեմի 1988 - Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ - Դավիթի մայր 1989 - Շնչառություն - Գայանե 1990 - Կարոտ - Սանամ 1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո - մայր 2001 - Խենթ հրեշտակ - մայր Դերասանուհին իր մասին ասել է. «Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր։ Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները։ Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջեւ. դպրոցական բեմում, բակային ճամբարներում թե տանը երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում։ Այդուհանդերձ, մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ։ Տուն էինք վերադառնում կեսգիշերին։ Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը՝ մանկաբար երջանիկ էինք։ Շատ դժվար է մանուկին զրկել երջանկությունից, որովհետեւ նա կարողանում է ձերբազատվել հոգսից եւ ապրել պահի ուրախությամբ»: Մեծերն ու արվեստագետները Նովենցի մասին ` - Ես այն երջանիկներից եմ, որ թե´ աշխատել է Գալյայի հետ, թե´ եղել նրա ընկերը: Անկարելի է չհիշել այն հրաշալի պահերը, որ ես անց եմ կացրել այդ զարմանալի զուսպ մարդու հետ: Այդքան շռայլորեն օժտված լինել ու միաժամանակ այդքան զուսպ, խուփ. դեպի ներս գնացող գոյություն ոչ միայն թախիծի, այլ նաև ուրախության, հրճվանքի մեջ: “Կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը”,- սևակյան այս գիտակցումը հետո է գալու, հետո ենք զգալու այդ ճշմարտության դառնությունը: Հետո ենք հասկանալու, թե ինչ հսկա արվեստագետ կորցրինք: Տիգրան Մանսուրյան. Հավատարիմ ընկեր, հրաշալի մայր, հայոց տիկին պարկեշտ ու արվեստում ապրող արվեստի մարդ՝ քչախոս, մտքերով տարված, անաղմուկ։ Չեմ ասում համեստ (համեստ դերասան չի լինում). ԳԱԼՅԱՆ սիրելի է նրանով, որ տոնածառի խաղալիքի պես չի պսպղում, իր անհամեստությունը (հիմա՝ տաղանդը) չի փաթաթում ուրիշների վզին, իր գոյությամբ նեղություն չի տալիս մեծահոգաբար (խորամանկորեն) թողնում է, որ իրեն սիրես, սիրեն էն, ինչ Արարիչը տվել է իրեն շռայլորեն․․․ Լռում-լռում ու փայլատակում է ԳԱԼՅԱՆ, ու տեսնում ես զարմանքով մի նոր ձայն ու մի նոր որակ, որ բխել է նրա մարդ էությունից, հարուստ հոգուց։ Այո՛, հարուստ է ԳԱՅԼԱՅի գանձարանը։ Չգիտեմ՝ նրա ո՞ր դերն եմ շատ սիրում ու գնահատում, քանի որ խաղացած (ապրած) փոքր թե մեծ դերերը, կինոյում լինի թե թատրոնում, ինձ համար երևույթ են, հայտնություն․․․ Հանդարտ լույսով փայլում է ՆՈՎԵՆՑԻ աստղը, առանց ավելորդ ճտճտոցների, բարի ու մեղմ ջերմացնում է մեր հոգիները։ Թող անմար մնա ԳԱԼՅԱԻ իմաստուն աստղը․․․ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ Հայ կինոն այսուհետ իմ կարիքը չունի, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանելու կհրավիրի մեծ դերասանուհի Գալյա Նովենցին: Սոֆիկո Չիաուրելի Գալյա Նովենցի դերասանական արվեստի գաղտնիքը, հավանաբար, ճշմարիտի անդավաճան զգացողության մեջ է, նա կարողանում է վայրկյանապես հարազատանալ կերպարին, ըստ որում աննկատ բոլորի համար՝ թե բեմադրող-ռեժիսորի, թե խաղընկերների... Գալյա Նովենցը հավասարապես հետաքրքիր ու հավաստի է թե դրամատիկ և թե կոմիկական դերերում, ըստ որում համարյա անհնար է որսալ, թե դերասանական տեխնիկայի որ միջոցով է հասնում դրան: ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ Իմ լավագույն դերը Սիրանույշի կերպարն է (Մեր մանկության տանգոն) Ես ու Սիրանույշը շատ նման ենք. նա էլ շատ նվիրված էր ընտանիքին, երեխաներին, իր կյանքի դժվար պահերին էլ միշտ պայքարի մեջ էր: Նրա բարությունը, միամտությունն ու անկեղծությունն էր ինձ դուր գալիս: Նյութը կազմվել է «Գալյա Նովենց» ՖԲ էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել