Առհասարակ պատմության մեջ միշտ այսպես է լինում մեր` հայերիս, դեպքում: Մենք հյուրասեր ենք, հյուրընկալ, հատկապես գնահատում ենք, երբ մեզ մեկնում են օգնության ձեռք: Սակայն միևնույն ժամանակ ունենք բնազդային ինքնապաշտպանական մի համակարգ, որն աշխատում է այն ժամանակ, երբ փորձ են անում դրսից կամ ներսից մեր նվիրական սրբությունների հանդեպ ոտնձգություններ կատարել: Այդպես եղավ Գառնու կամ Զվարթնոցի դեպքում, մարզպետ Աբովյանի` «Խորհրդավոր ընթրիք»-ում առաքյալների «շրջապատում» հայտնվելու նկարի հանրայնացման ժամանակ: Նույնն էր նաև վիճակը կիսելյովյան հայտնի արտահայտություններից հետո կապված ռուսաց լեզվի հետ: Առհասարակ ռուսաց լեզուն ու ռուսական մշակույթը արժանի է հարգանքի, սակայն ոչ ավելին, քան մեր մշակույթը կամ հայերենը: Հենց այս գիտակցության դրսևորումն էր, որ պայմանավորեց ինչպես ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, այնպես էլ ՀՀ ոստիկանապետի որոշ գործողությունները, երբ երկու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ սկսեցին խոսել հայերեն ու ակամա «ստիպեցին» թարգմանիչներին իրենց խոսքը ռուսերեն թարգմանել: Չեմ կարծում, թե երկու պաշտոնյաներն էլ, ովքեր թեկուզ տարիքով պայմանավորված, ռուսերենի հետ ունենային խնդիրներ. հարցն ավելի խորն է: Ուղղակի հերթական անգամ հասկացրեցինք. օգնությունը օգնությունը, դաշնակից լինելը իր տեղում, սակայն խնդրեմ մեր նվիրական սրբությունները թողեք մեզ: Սա ես նմանեցնում եմ աստվածաշնչյան Հոբի հայտնի պատմությանը, երբ փորձության համար Աստված արտոնում է փորձել Հոբի մարմինը, սակայն հոգին անձեռնմխելի է պահում: Մեր լեզուն, մշակույթը և եկեղեցին հենց կազմում են մեր ազգային ու մարդկային հոգին ու որևէ ոտնձգություն այդ հոգու դեմ արդեն կբերի ասածս հակազդեցությանը: Ի դեպ, հոգին կարող է թուլանալ, սակայն անմահ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել