Լինելով ամերիկյան գրականության «հարավի» դպրոցի ներկայացուցիչ` Ուիլյամ Սթայրոնը (ծնվ. 1925), արդեն իր առաջին` «Ձուլվիր խավարի հետ» վեպում (1951), ստրկության թեմատիկայի թողած մռայլ ժառանգության մեջ բավականին նորամուծություններ է կատարում, թեև այստեղ, ըստ գրականագետների, զգացվում է Ֆոլքների ազդեցությունը, սակայն, սա բնական պիտի համարել, քանի որ ինչպես Սթայրոնն ինքն է ասել, Ֆոլքները «և Աստված էր և սատանա հարավի բոլոր գրողների համար և բոլորը հետևում էին նրան»: Պատմության առանցքը վեպում Լոֆթիսների ընտանիքի քայքայումն էր: Բնակվելով անառողջ հասարակության մեջ` Լոֆթիսները չեն կարողանում գտնել հանգստություն ու առողջանալ: Ապրելը կամ, ավելի ճիշտ, գոյատևումը նրանց համար դառնում է կատարյալ մղձավանջ, քանի որ տիրապետողն իրենց միջավայրում մարդկանց` մեկ-մեկու հանդեպ կատարյալ օտարացվածությունն էր: «Եվ հրդեհի մատնեց այդ տունը» (1960) վեպում պատմությունը սկսվում է դետեկտիվ հանգույցից` իտալական փոքրիկ Սամբուկո քաղաքում տեղի ունեցած սպանությունների մասին հաղորդումներից: Իտալացի երիտասարդ գեղջկուհի Ֆրանչեսկան հայտնաբերվում է բռնաբարված ու սպանված: Նույն գիշեր էլ ինքնասպանությամբ իր կյանքին վերջ է տալիս մեծահարուստ Մեյսոն Ֆլեգը: Սամբուկոյում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են մի քանի տեսանկյուններից և սյուժեի զարգացումը աստիճանաբար գնում է դեպի հոգեբանական հարթություն:
Վեպի առաջին մասում պատմությունը ներկայացվում է մի տեսակ «կողքանց»` երրորդ անձի` պատահական վկա Պիտեր Լիվերետտի միջոցով, իսկ երկրորդ մասը արդեն գործող հերոսներից աղքատ նկարիչ Քեսս Քինսոլվինգի երեք տարվա վաղեմության հիշողություններն են, ով օգնում է հեղինակին քանդել այդ խորհրդավոր սպանությունների խորամանկ թնջուկը: Միաժամանակ բավական հետաքրքիր պատմական զարգացում է ապրում նաև Քինսոլվինգի ներաշխարհը: Վերջինիս համար Սամբուկոյում տեղի ունեցածը և ստեղծված իրավիճակը մաքրագործման, դարձի ու դեպի կյանք ու ստեղծագործական գործունեություն վերադարձի շրջադարձային պահեր են դառնում: Վեպի դրական հերոս Քեսսը գտնվում է ճշմարտության որոնումներում: Այս կերպարի միջոցով հեղինակն իր վերաբերմունքն է արտահայտում ու իր պատկերացումները շարադում «ամերիկյան երազանքի վերաբերյալ»: Քեսսի մոտ սկսում է զարգանալ յուրատեսակ մի ռոմանտիզմ, սակայն միայն այն բանից հետո, երբ վերջինս դիմադարձվում է իրականությանը` իտալացի գյուղացիների պարզ ու անպաճույճ կյանքին: Հիասթափությունն է, որ նրա մոտ բերում է այս ամբողջին ու դառնում զգաստացման ու ռեալ կյանք վերադարձի ազդակ:
«Նաթ Թերների խոստովանությունը» վեպում (1967) պատմվում է Վիջինիայում 1831 թ.-ին տեղի ունեցած ստրուկների ձախողված ապստամբության մասին: Պատումը ներկայացվում է ապստամբության առաջնորդի անունից: Իրական պատմական անձի անունից գրված այս վեպը դարձավ ժամանակի` այլ ռասսային պատկանող անձի վերամարմնավորման հիմքը: Շատ քննադատներ այն կարծիքն են հայտնել, որ հեղինակն իր հերոսին ներկայացրել է ոչ միայն որպես ռասիզմի դեպ աննկուն պայքարող, այլ նաև սպիտակամորթների մոլի հակառակորդ, և վեպը պատմական անցյալի սխալ պատկեր է ստեղծում ու միաժամանակ ստիպում մտածել, որ սեփական ազատության համար սևամորթների մղած պայքարը պետք է անպայմանաբար զուգորդվի սպիտակամորթների հանդեպ ունեցած ատելության հետ: Նման շեշտադրումները, մասնագետների կարծիքով, և սխալ են, և ոչ իրավաչափ, քանի որ վեպի նպատակը նախևառաջ ստրկության խորհուրդը հասկանալն էր, որի շուրջ, ի դեպ, սկսում է իր խորհրդածությունները Նաթ Թերները: Ապստամբների այս առաջնորդի համար մտապատրանքն այն էր, որ եթե կարողանա հասկանալ ստրկության խորհուրդը, կհասկանա նաև՝ որտեղից սկսել ու կունենա ազատության բանալին: Նա իր ազգակիցներին քարոզում էր արժանապատվություն, հպատություն, կամք ու հանուն հաղթանակի տոկություն: Սակայն Թերների աշխարհընկալումը մեծամասամբ պատրանքային էր, քանի որ նախ նա ինքն իրեն համարում էր մարգարե, ով Աստծո կամքով իրավունք ունի մարդկանց դատելու ու պատժելու: Սակայն այս համոզմունքները չեն կարող բացատրել մարդկային ճնշված զանգվածների հապաղման արմատները. հազարավոր ու հազարավոր սևամորթներից ապստամբության դրոշի ներքո հավաքվում են միայն շատ քչերը: Հերոսի ողբերգականությունն այն է, որ վերջինս փորձում է ստրկությունն հասկանալ մտահեցողության միջոցով: Թերները զգում է, որ ինքը կոչված է երկնային առաքելությամբ երկու դեր խաղալու` ռազմական առաջնորդի կամ աշխարհիկ լիդերի ու կրոնական հովվի: Սակայն շուտով նա հայտնվում է իր իսկ հորինած մտահանգումների ցանցում, շփոթվում է ու հայտնվում փակուղու մեջ: Թերների մոտ ձախողվում է Նապոլեոնի ու Քրիստոսի կերպարների միավորումը և սեփական մարդկայնությունը պաշտպանելու համար վերջինս դիմում է այլոց մարդկայնության ժխտման, ինչն էլ բերում է արդեն սեփական անհատականության կործանման: Մահվան ժամին, սակայն, Թերները տեսիլք է ունենում, որով նրա համար պարզ է դառնում, որ ազատության ճանապարհն անցնում է մարդկանց հանդեպ ունեցած սիրո հովիտների միջով և սերն էլ հենց կյանքի գլխավոր նպատակն է հանդիսանում: Մարդը փրկության կարող է հասնել ոչ թե միայնակ, այլ իր նման մարդկանց հետ միավորվելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել