Հիմա էլ մենք ԵԱՏՄ կամ ՄՄ ենք մտնելու հոկտեմբերին: Չեմ հասկանում անկեղծ՝ ինչ իմաստ ունի նման խաղը .... չասեմ Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ Հայաստանի փաստացի իշխանությունների հանդեպ: Այն, որ մենք կմտնենք ԵԱՏՄ, դա որոշված հարց է ու չի քննարկվում. նույնն է, որ, ասենք, քննարկվեր դաշնային որևէ սուբյեկտի ՌԴ կազմից դուրս գալու հարցը, սակայն թե ինչ նպատակ ունեն այս ուշացումները, անհասկանալի են: Այո, ինձ համար այս ուշացումները ավելի շատ ուղերձներ են պարունակում ՀՀ իշխանություններին, քան պարզ ժողովրդին. ի վերջո, այդ ժողովրդի մի ստվար հատվածը հիմա Ռուսաստանում է ու շենացնում է այդ երկիրը իր արդար աշխատանքով: Թերևս ավելի հավանականն այն է, որ այս պահին Մոսկվան Երևանի իշխանություններին ստիպում է իր հետևից դեպի Արևմուտք գնացող բոլոր կամուրջներն այրել, որպեսզի այլ ճանապարհ այս պահին չունենա: Ասեմ՝ ինչու եմ այդ կարծիքին: Նախ, ես չեմ հավատում, որ կա սպառնալիք ՀՀ անկախության ու անվտանգության կամ ԼՂՀ նկատմամբ: Նման բան ուղղակի լինել չի կարող՝ շատ պարզ պատճառով. ՀՀ անկախության ու անվտանգության անսասանությունն ավելի ՌԴ-ին է պետք, քան մեր իշխանություններին. ամեն դեպքում մենք ռուսալեզու չենք ու ոչ էլ մասսայական կերպով ՌԴ քաղաքացիություն ունեցողներ, և անկարելի է Ղրիմի կամ Հվ. Օսիայի սցենարն իրականացնել, բացի այդ, մեր դեպքում կա երկրի բնակչությունից շուրջ չորս անգամ ավելի մեծ սփյուռքի գործոնը, որը տիրապետում է վիթխարի ռեսուրսների, ու Մոսկվան դեմ չի գնա Հայկական Սփյուռքին, իսկ Արցախն էլ նախ լուրջ ռազմավական պլացդարմ է, որի արժեքը ռուսները գիտեն դեռ Գյուլիստանի պայմանագրի օրերից ու ամեն գնով կհասնեն այն բանին, որ ունենան վերահսկողություն Արցախի հանդեպ ու թույլ չեն տա, որ Ադրբեջանն ինչ-որ ոտնձգություններ սկսի. հենց Բաքվին էլ ձեռնտու չէ պատերազմը, քանի որ այդ պատերազմը նախ անկանխատեսելի է իր ելքով ու, բացի այդ, կարող է առաջ բերել արդեն լուրջ ցնցումներ հենց երկրի ներսում ու կործանել Ալիևների դինաստիան: Պարզ ասած` պատերազմը միակ բանն է, որ կարող է կործանել Ալիևներին ու, անկախ իրենց ռազմագոչ հայտարարություններից, նրանք դա լավ են հասկանում: Ուղղակի, չգիտես՝ ինչու, մեր իշխանությունները կարծես չեն ուզում այս պարզ բաները հասկանալ ու շարունակում են դանդաղել չմտածելով, որ ժողովրդի համար կարող է այս դանդաղումը առաջ բերել «կատվի խաղը, մկան մահ է» էֆեկտը: Ի վերջո, մարդիկ իրենց ադամանդագործության զարգացման համար նույնիսկ ՀՀ պետության նախկին երրորդ դեմքին չխնայեցին ու աշխարհով մեկ խայտառակեցին, էլ ինչի՞ մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել