Երեկ դերասան Սեպուհ Ապիկյանն անփույթ գրառում էր կատարել, որով հրաժարվում էր ՀՀ քաղաքացիությունից: Չգիտեմ՝ այդ քայլը տարրական անփութություն էր, թե անհաջող PR քայլ, սակայն գրառմանը հետևեցին տարաբնույթ քննադատություններ, և Սեպուհի քայլը հասարակության կողմից օբյեկտիվորեն չընդունվեց. ինքս դատապարտում եմ դերասանի նմանատիպ արարքը: Սակայն ցավալին այն է, որ քննադատվում էր միայն Սեպուհը, և անգամ կային գրառումներ, որոնցում «որպես հայրենասիրության վերջին դրսևորում» հորդորվում էր լքել Հայաստանը՝ մեկնաբանությամբ, որ իր նմանները մեր երկրին պետք չեն: 
Ցավալի է, բայց մոռանում ենք, որ իշխանությունների ընտրած քաղաքական կուրսը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հայրենի հողի վրա լքված լինելու զգացումը հասել են այնպիսի մակարդակի, որ շատերն արդեն Հայաստան աշխարհը՝ հայրենիքը, չեն կարողանում տարանջատել իշխանություններից: Դժգոհության ֆոնը մոտենում է առավելագույնին: Քանի-քանիսն են առանց որևէ բառ ասելու լքել մեր երկիրը, քանի-քանիսն են նեղացած հեռացել... 
Պետք է խորապես ցավ ապրել յուրաքանչյուր արտագաղթողի համար, անկախ նրանից՝ նա գիտակցում և տարանջատում է հայրենիքն իշխանություններից, թե ոչ:
Վստահաբար կարող եմ ասել, որ հայրենասիրությունից վեհ տոնով խոսողներից շատերը երբևէ ոչ մի աշխատանքային առաջարկություն արտերկրից չեն ստացել, իսկ եթե ստանային կամ չնչին հույս ունենային, որ եվրոպական ինչ-որ երկրում կունենան իրենց փոքրիկ տեղն ու նշանակությունը ...
Մարդիկ, ովքեր չգիտեն՝ ով է հայը, որոնք են հայկական ավանդույթները, որն է մեր պատմական հայրենիքը, որն է մեր պատմությունը, ինչ-որ մեկի սխալը քննադատելով, եվրոպական արժեքներ կրելով՝ փորձում են դառնալ հայրենասեր:
Հ.Գ.
Այս խոսքն ուղղված չէ Սեպուհին բոլոր քննադատողներին, այլ նրանց, ովքեր իրապես անտարբեր են հիմնական պրոբլեմի նկատմամբ. քաղաքացին սկսում է չտարանջատել հայրենիքն իշխանությունից: Մեր երկրի զավակների մի ստվար զանգված սրտի մեծ ցավով, հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի մեծ զգացումով ապրում և աշխատում է արտասահմանում՝ միաժամանակ բարձրացնելով ուրիշ երկրի պատիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել