Ամերիկյան գրականության մեջ Թորնթոն Ուայլդերը (1887-1975) հայտնի է նախ և առաջ իր «Մարտյան իդոսներ» վեպով՝ գրված դեռևս 1948 թ.: Պատումի կենտրոնում Հուլիոս Կեսարի կյանքի վերջին ամիսների ու օրերի կյանքն է: Հեղինակն իր վեպում առաջադրում է բավական հետաքրքիր «մեծ մարդու միայնության խնդիրը»: Վեպը ներկայանում է որպես մոնտաժ առանձին մտացածին փաստաթղթերի: Բռնապետն ընկալում է ազատությունը որպես պատասխանատվություն այն որոշումների հանդեպ, որոնք կայացվել են ինքնուրույն: Ժամանակ առ ժամանակ, սակայն, գլխավոր հերոս Կեսարին տանջում են կասկածները առ այն, որ կյանքի որոշ ոլորտներում, օրինակ, սիրո մեջ, պոեզիայի մեջ կամ ճակատագրում առկա են ավելի հզոր ուժեր, քան մարդկային ուժն է: 
Վեպում Հուլիոս Կեսարն ընթերցողին ներկայանում էր իր անմիջական շրջապատի միջոցով` Կոռնելիոս Նեպոտոսի, Ցիցերոնի, Կլեոպատրայի, դերասանուհի Կիֆիրիդայի և այլոց: Սեփական վերահաս մահը Կեսարն ընդունում է որպես վճռական ստուգում, որի նպատակն էր պատասխանել հետևյալ հարցին` տիեզերքում կամ նրանից վեր գոյություն ունի արդյոք Գերագույն Բանականություն, որը հետևում է մեզ: 1979 թ. հետմահու լույս տեսնում Ուայլդերի «Ամերիկյան բնութագրականներ և այլ էսսեներ» ակնարկների ժողովածուն, որոնցում գրողը փորձում է գտնել ամերիկյան բնավորության ազգային գծեր հանդիսացող տարամիտության ու ինդիվիդուալիզմի արմատները: Գիրքը զուրկ չէ նաև խորը փիլիսոփայական հարցադրումների սահմանումից ու դրանց պատասխաններից, որոնցից հիմնականները հենվում են գրողի հայրենակիցների աշխարհայացքի ու աշխարհընկալման էութենաբանական վերլուծության վրա: 
Ուայլդերի վերջին վեպերը նվիրված են Ամերիկային: «Ութերորդ օրը» (1967) վեպը հենց գրողի իսկ կարծիքով աղերսվում է նրա ավելի վաղ շրջանի «Ս. Լյուդովիկոսի կամուրջը» (1927) վեպի հետ: Պատումի առանցը Էշլի ընտանիքի պատմությունն է: Այստեղ վեպի հերոսները իրենց իդեալներով հակադրվում են եկամուտներին ու հարստությանը` առաջնային դարձնելով երջանկությունն ու աշխատանքը: Ուայլդերի հերոսները իրենց կյանքի իմաստը գտնում են մարդու ինքնանվիրումի ու աշխատանքն հօգուտ մարդկանց ծառայեցնելու մեջ: Իր վեպում հեղինակը կերտում է XX դարի անհատականության հավաքական կերպարը, որը մարմնավորում է դոկտոր Հիլլիզիի անձի մեջ: Այս կերպարի հետ էլ կապվում է վեպի վերնագիրը: Այն տեսությունը, որը հռչակվում է Հիլլիզիի կողմից, մարդկության պատմությունը բաժանում է երկու մասի` «մինչ» և «հետո»: «Մինչ»-ը արարչագործության յոթ օրերն են, երբ ստեղծվում են աշխարհն ու մարդկությունը, և իրենից ներկայացնում է կայացման նախապատմությունը: 
Հետաքրքրականն այն է, որ ամերիկյան ինդիվիդուալիզմին հեղինակն հակադրում է ռուսական հավաքականությունը: Հայրենիքի ու սեփական ժողովրդի հանդեպ սերը հեղինակի մոտ ներկայացվում է որպես ռուս մարդու հավատամքն ու ապագայի իդեալը: Հեղինակին հաջողվում է գրավիչ դարձնել իր պատումը սյուժեի հիմքում դնելով դետեկտիվ պատմություն` սպանություն, ձերբակալություն, փախուստ:
Վեպի ձևը գրավիչ է այնքանով, որ պատումի ընթացքում հեղինակն ընդլայնում է տարածական ու ժամանակային սահմանները` ներառելով մի քանի տասնամյակների իրադարձություններ ու նաև գործողությունների ընդարձակ աշխարհագրություն` ԱՄՆ-ից մինչև Չիլի: 
Որպես իսկական ամերիկացի` Ուայլդերի վերջին վեպի` «Թեոֆիլ Նորթ»-ի գլխավոր հերոսը ևս միայնակ է: Վերջինիս կերպարի ստեղծման համար հեղինակն օգտագործել է նաև մի շարք ինքնակենսագրական դրվագներ: Այս վեպին ուշագրավություն հաղորդում է այն հանգամանքը, որ հեղինակը փորձում է վերստեղծել այսպես կոչված «մտավորական պիկարոյի» տիպը, թեև վերջում չի կարողանում դիմանալ գայթակղությանն ու իդեալականացնում է իր գլխավոր հերոսին` ընդգծելով վերջինիս բացառիկությունը, որը հիմնված էր վերջինիս ազատության ու քերուակյան հերոսների նման անընդհատ ճանապարհին գտնվելու իրողությունների վրա: Թեոֆիլ Նորթը հանդես է գալիս նաև որպես մխիթարիչ, ազատարար, հոգևոր բուժակ-դաստիարակ, խորհրդատու և ընկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել