Հուլիսի 21-ից 29-ը որոշված էր անցկացնել Վրաստանում, երբ հանկարծ միջամտեց հայրենի կառավարությունը: ՄԵՌԵԼՈՑ  խիստ հայեցի բառը դարձավ պատճառը Քոբուլեթիի ծովափնյա քարերի մեջ մեկ օր պակաս անցկացնելու:  Բայց թե ոչինչ, պատահում է,  լավատես եմ, հուսով եմ մյուս տարվա արձակուրդը դիմավորել նոր կառավարությամբ: Մեկնեցինք 21-ի երեկոյան գիշերը հայրական տանը, Մեծ Մանթաշում, անցկացնելու և մյուս օրը 100 կմ պակաս մեքենա վարելու նկատառումով: Առանձնակի բան չկա պատմելու բացի թերևս Ապարան քաղաքի ներսում ճանապարհների վիճակի մասին: Տպավորությունն այն էր որ հենց նոր էր քաղաքում ավարտվել Ստալինգրադի ճակատամարտի մասին խիստ ռեալիստական նկարահանումները և փողոցները դեռևս հրետանային արկերի և տանկերի թրթուրների պատճառած ավերածությունների հետքերն էին կրում: Փառք աստծո Ապարանի արգելքը հաղթահարվեց առանց մեքենան ջարդելու: Երեկոն գյուղում անցկացնելով վաղ առավոտյան ճամփա ընկանք, ճանապարհը հիմնականում նորմալ վիճակում էր, բացի Աշոցքի շրջանում որոշ հատվածներից: Բավրայի մոտ հայ-վրացական սահմանը անցանք առանց որևէ պատահարի: Հիշարժան դեպքը-վրացական անցակետին հասնելուց (երկու անցակետերի միջև մեծ արանք կա, կիլոմետր և ավելի) մի մեքենա իրեն կոտորելով ԴԱԲԻՑՑԱ եղավ և ինձանից առաջ անցավ հերթում, բայց ասեմ որ մենք ավելի շուտ լքեցինք անցակետը, անձնագրային ստուգումը անցնելով շենքի ներսում, որտեղ ոչ մի հերթ չկար: Վրացական անցակետում կար տարադրամի փոխանակման կետ-«այրոպորտային» կուրսերով-դոլարը 150 լարի, երբ այն 163 էր այլ տեղերում: Վրացական անցակետից հետո սկսվում է նոր կառուցված ճանապարհը, երկու տարի առաջ այն դեռ կառուցման մեջ էր, հիմա ավարտված է, կան առաջին քանդված տեղերը և փոսերը, բարեբախտաբար ոչ այնքան շատ: Ովքեր տեղյակ են Նինոծմինդայի ճանապարհների մի քանի տարի առաջվա վիճակից կհասկանան թե ինչ մեծ փոփոխություն է սա: Նինոծմինդայի և Ախալքալակի միջով անցնելուց ակամայից հայերեն տառեր ես փնտրում, կան իհարկե, բայց շատ քիչ, մինչ այս տարի միայն «դագաղ, պսակ» ցուցանակ էի տեսել հայերեն, այս տարի բարեբախտաբար ավելի շատ տեսա: Մայրենիին այստեղ ռուսերեն ցուցանակներն են փոխարինում-իմիջիայլոց նույն վիճակն է և Գյումրիում: Նախքան Ախալքալակ հասնելը ճանապարհի ձախ կողմում մեծ շինարարություն է, կառուցվում է Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթուղու կայարանը, շինարարության մասշտաբները իսկապես մեծ են: Ախալքալակից դեպի թուրքական սահման ճանապարհ է կառուցված, անցակետ է լինելու, բայց որքան տեղեկացա առայժմ չի գործում: Ախալքալակի ծայրամասի շենքերը ճնշող տպավորություն են թողնում, նման ասենք Վանաձորի էն թաղամասին որի կողքով թեքվում ես Ստեփանավան: Նկատի ունեմ, որ շատ անխնամ ու լքված տեսք ունեն.  Հավանաբար սովետական ռազմաբազայի բնակելի թաղամասն է եղել:  Ասեմ որ մնացած Վրաստանում էդքան ճնշող տպավորություն չստացանք որևէ այլ քաղաքի շենքերից, բայց պատճառը կարող է և այն է որ մնացած տեղերում բուսականությունը մեղմացնում է վատ տպավորությունը:

Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել