Հովհաննես Ազոյանի երեկվա խոսքի մեջ ինձ մի բան իրոք դուր եկավ ու չեմ կարող չասել` շնորհակալ եմ, պարոն Ազոյան, ճիշտ դիտարկման համար: Իսկ դիտարկումն այն է, որ որևէ մեկը, ով դուրս է գալիս պայքարելու այս կամ այն անարդարության դեմ, պետք է իրեն պահի մաքսիմալ կոռեկտ՝ որևէ կերպ, մի նշույլ անգամ թույլ չտա ոստիկանությանը խոսելու այդ մասով: Նման դեպքում որևէ ոստիկան, որևէ երկրի ոստիկանություն չի կարողանա ուժ կիրառել. հակառակ պարագայում խաղաղ ու կոռեկտ ցույցի դեմ ուժ կիրառելը արդեն աղերսվում է բռնապետական ռեժիմի հետ, ասենք, օրինակ, ռուսական «Արյունոտ կիրակի»-ի: Մենք իրոք պետք է այս մասով առավելագույն զգաստություն ու զգոնություն ցուցաբերենք: Հանգիստ խոսքով ավելի մեծ արդյուքների է հասնում մարդ, քան աղմուկով, գոռոցներով, առավել ևս` բռունցքներով: Եվ զուգահեռաբար պետք է լինել շատ զգոն ու թույլ չտալ «ներդրված» անձանց սադրանքներ հրահրել ու ոստիկանությանը խոսելու ու գործելու հնարավորություն տալ: Իսկ ներդրված անձինք, բնականաբար, կան ու բոլորից բարձր են գոռում, բոլորից ուժեղ են հարվածում՝ ըստ իրենց իջեցված այն հանձնարարականի, թե պետք է «փչացնել» ակցիան այդ եղանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել