Եգոր Գլումովն արձագանքեց: Ուրախ եմ, որ «ԻքՍ ՖԱԿՏՈՐ»-ի ժյուրին նման օպերատիվությամբ արձագանքում է: Կուզենայի նաև «ՇԱՆԹ» ՀԸ կարծիքը լսել: Ուրեմն, հարգելի պարոն Գլումով, դիմելով Ձեզ անձամբ, նկատի եմ առնում ողջ ժյուրիին, բարեհաճեք լսել իմ պատասխանն Ձեր արձագանքին: Արդեն տեսանյութում երևում է, որ առկա է անձի արժանապատվության ստորացման փաստ: Խնդրեմ նայեք տեսանյութը՝ իմ նյութին կից, և կտեսնեք: 
Հիշեցնեմ ինչպես Ձեզ, այնպես էլ ժյուրիի մյուս անդամներին`

ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է`

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Միաժամանակ`

ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրում, որը համապարտադիր է բոլոր երկրներում ու բոլոր հասարակություններում առանց բացառության, ասվում է`

Հոդված 1. 
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Հոդված 5. 
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Ընդգծում ենք հատուկ ժյուրիի համար «արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի» հատվածը

Հոդված 27. 
1. Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, 
արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա 
բարիքներից օգտվելու իրավունք ունի:

Հոդված 29.

2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով:

Հոդված 30. 
Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն:

Տվյալ երիտասարդն ու այլոք ևս, առանց անձնավորման, ազատ իրավունք ունեն մասնակցելու մշակութային նախագծերի, որը իրենց անօտարելի իրավունքն է՝ ամրագրված արդեն նշածս «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ու մեր երկրի օրենսդրոթյամբ, միջազգային իրավապայմանգրային համակարգով: Այլ է հարցը, որ եկողին, եթե վերջինս չունի համապատասխան ձայնային տվյալներ, կարելի է մինչև բեմ հասնելը պատշաճ ու բարեկիրթ ձևով բացատրել, որ՝ գիտես ինչ, տղա ջան կամ աղջիկ ջան, շատ գովելի է, որ եկել ես, ուզում ես մասնակցել, բայց այս ասպարեզն այնպիսին է, որ կամ ձայն ունես Աստծո կողմից քեզ շնորհված, կամ չունես, կամ էլ ունես, բայց թույլ է: Արի, այս անգամ դու մի մասնակցի, ձայնդ կատարելագործի մշակի և այլն, հաջորդին երբ արդեն պատրաստ կլինես, արի: Այս կարգի բացատրությունը, կարծում եմ՝ հասարակության համար ևս կլինի ընդունելի: Այ, իսկ ցինիզմը ծաղրանքը կամ նմանատիպ այլ արարքը արդեն իրավախախտում է՝ բարոյազուրկ արարք լինելուց բացի: Բացի այս, համամիտ եմ, որ մեր երկրում կան բազմաթիվ այլ խնդիրներ, ու հավատացնում եմ՝ յուրաքանչյուր խնդրի մասով եմ պատրաստ եմ դիմելու ինչպես տեղական կառույցների, այնպես էլ միջազգային, եթե գիտեմ՝ կա սխալ արարք: 
Գալով ավելի մասնավոր դեպքի՝ կուզենայի իմանալ, թե պարոն Գլումով, դուք ՀՀ քաղաքացի՞ եք, թե ՌԴ քաղաքացի, որովհետև եթե դուք ՌԴ քաղաքացի եք, ուրեմն այստեղ անելիք ունի նաև ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինը, քանի որ փաստացի Ձեր ոչ ճիշտ արարքը ակամա դառնում է օտարահպատակի կողմից ուրիշ երկրի՝ այս դեպքում ՀՀ քաղաքացու հանդեպ իրավախախտում պարունակող գործողություն, ու սա արդեն դուրս է գալիս միջազգային իրավական հարթակ: 
Ուստիև ավելորդ քաշքշուկից խուսափելու և հասարակության դժգոհությունն էլ ավելի չհարուցելու ու դրանով իսկ հաղորդման դիտողականությունը չնվազեցնելու համար, խնդրանքս է լինել առավելագույնս կոռեկտության սահմաններում բոլոր մասնակիցների ու դիմորդների հանդեպ` անկախ ձայնային տվյալների օժտվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել