«Շողակաթ» հեռուստաընկերության գոգաթիակը
Հայերենն աղավաղվում է նաև կինոնկարների անփույթ թարգմանության հետևանքով: Անտարակույս, կան բազում նաև հաջող թարգմանություններ, որոնք նպաստում են թե´ հայերենի հզորացմանը, թե´ հեռուստադիտողների լեզվական ճաշակի բարելավմանը: Ցավոք, սակայն, լեզվական մեկ սխալն ավելի է վնասում, քան տասը հաջող թարգմանությունն են նպաստում լեզվի զարգացմանը: Սա օրինաչափություն է, որը պիտի հաշվի առնեն թարգմանիչները, խմբագիրները, եթերի պատասխանատուները: Ահավասիկ մեկ օրինակ վնասակար թարգմանության: Ռուսական «Ծուղակ» կինոնկարում քահանան հարցնում է դժբախտության մեջ հայտնված իր աշխարհիկ ընկերոջը՝ հավատո՞ւմ է արդյոք Աստծուն, ապա և հորդորում, որ եթե նա հավատքի գա, հոգին ավելի կթեթևանա: Զրուցակիցը հոգոց է քաշում. «Совок я, Костя. Обыкновенный совок. Совковый человек. Понимаешь?»: Էկրանի ներքևում կարդում ենք մակագրությունը. «Գոգաթիակ եմ ես, Կոստյա: Հասկանո՞ւմ ես: Սովորական գոգաթիակ: Գոգաթիակավոր մարդ: Հասկանո՞ւմ ես»: Իհարկե, Կոստյան, ավելի ճիշտ՝ հայր Կոստանտինը հասկանում է, քանի որ հայերեն չի ասվել: Բայց հայ ակնդիրը ոչինչ չի հասկանում (ինչպես որ չեն հասկացել թարգմանիչը, խմբագիրը, հեռուստաեթերի պատասխանատուները): Մարդն ինչպե՞ս և ինչո՞ւ է գոգաթիակ, մի՞թե լինում է «գոգաթիակավոր մարդ»: Հարցերի պատասխանը տալիս է «совок» նորաբանության ճիշտ ըմբռնումը. սա «սովետական մարդու» հակիրճ ձևն է, ռուսերեն հրապարակումներում տարածված: Միտքն այն է, որ խորհրդային տարիներին, աթեիստական դաստիարակություն ստացած մարդու համար հեշտ չէ հավատքի գալը: Այնպես որ, հարկավոր էր հենց այդ միտքն էլ արտահայտել՝ հերոսի շուրթերին դնելով «ես խորհրդային մարդ եմ, ախր, սովորական խորհրդային մարդ»: Անշուշտ, «գոգաթիակի» հմայիչ առեղծվածը չքանում է, բայց գոնե հասկանում ենք հերոսի հոգեկան տվայտանքների պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել