Այս հանգստյան օրերին Էջմիածին գնացի: Հասկանալի է՝ եկեղեցական արարողությանը մասնակցեցի, հետո շրջեցի տարածքում: Ինձ մի բան, այնուամենայնիվ, հաճելիորեն զարմացրեց: Երևի երկար ժամանակ առիթ չէր եղել այնտեղ գնալու, դրանից է, չգիտեմ, բայց ամեն դեպքում` կիսվեմ տպավորություններովս: 
Ինչ ել գրենք կաթողիկոսի հասցեին ու քննադատենք եկեղեցուն, միևնույնն է, մի բան ուրանալ չենք կարող. Էջմիածնի տարածքը անճանաչելիորեն փոխվել էր՝ դրական իմաստով: Հարյուրամյակների պատմություն ունեցող շինությունների կողքին կառուցված են ժամանակակից ճարտարապետության շենքեր, որոնց նույնիսկ բավական գրագետ ձևով փորձ է արվել ազգային երանգներ հաղորդել: Հետաքրքրական էր ինձ համար ժամանակակից շենքերի պատերի մեջ ներագուցված տեսնել խաչքարեր կամ խաչքարերի բեկորներ, որոնք այդպիսով «ապահովագրվում են» պահպանության համար: Չեմ կարող չհիանալ Մատենադարանի սպիտակ շենքով: Այ դա իրոք ճարտարապետական գոհար կարելի է համարել, որպիսին ամբողջ Երևանում չես գտնի: Ինձ հետաքրքրեց մի շինություն, որ հուշանվերների խանութի ճիշտ դիմացն էր: Խանութի աշխատակցուհիներից ճշտեցի. կոչվում է «Երեմյան խցեր»: Տասնիններոդ դարի երկհարկանի շինություն է, հիանալի ճարտարապետական կոթող: Ինձ պատմեցին, ի դեպ, պատմածի ապացույցները դեռ կան չեն ապամոնտաժվել, որ կառույցը վերանորոգվել է: Սակայն արտաքին ճարտարապետական տեսքը պահպանվել է իր նախնական տեսքով: Շենքը խոնավությունից փրկելու համար բացվել են հիմքերը ու որոշակի շառավղով հիմքի հարակից տարածքը բետոնապատվել են հատուկ նյութեր պարունակող բետոնով, որը չի թողնի խոնավություն անցնի պատերին: Հիմնական վերանորոգումը ներքին է եղել: 
Մի խոսքով: Եկա Երևան: Հիշեցի Աֆրիկյանների ակումբը, որ ապամոնտաժվում է: Ինձ համար չկա շինություն, որը լինի ենթակա քանդման, այն էլ եթե պատմական արժեք ունի: Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ Աֆրիկյանների շենքն էլ Էջմիածնի «Երեմյան խցերի» օրինակով վերականգնվեր վերանորոգվեր: Չէ՞ որ այն մեր սիրելի մայրաքաղաքի պատմության մի էջն է ու այսօր մեր իշխանությունները ջանասիրաբար ապամոնտաժում են մեր պատմությունից, մեր հիշողությունից այդ էջը, էլ չասեմ, որ գալիք սերունդների հիշողության մեջ այն առհասարակ էլ գոյություն չի ունենա: 
Մենք քննադատում ենք կաթողիկոսին, եկեղեցուն: Սակայն նույն կաթողիկոսն ու եկեղեցին այսօր մեր ազգի պատմության յուրաքանչյուր փոշեհատիկ, որ հանձնված է իրենց խնամքին, պահպանում են՝ ի տարբերություն մեր իշխանությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել