Թվում է, թե մեր մաշկազերծ ու ցինիկ իրականության մեջ, ուր ամենայնի սահմանն ու մասշտաբը սեփական ափի մեջ տեսնելու հստակություն ունի, երբ ամեն ինչ այնքան պարզ է ու մաշվելու չափ ասված, որ գրեթե ասելիք չի մնացել և ոչ էլ զարմանալու ունակություն, երբ թվում է, թե գրեթե ամեն մարդ սկզբի ու վերջի տեղի գիտի, պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ։ 
Լռությունդ կոտրվում է ու զարմանքդ բեկվում, երբ կուտակային կենսաթոշակային օրենքի նախագիծի քննարկման շրջանակներում խորհրդարանի ամբիոնից լսում ես Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության ղեկավարի՝ Վահրամ Բաղդասարյանի «անկեղծության պոռթկումը», ավելի ճիշտ՝ ինքնայրումի happening-ը։
«Չեք ցանկանում լավը տեսնել, ձախողելն է ձեր նպատակը», այս հոխորտալից մեղադրանքն է ուղղում խորհրդարանական ընդդիմությանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ 
Հավանաբար պրն. Բաղդասարյանը ծանոթ չի «կախվածի տանը պարանից չեն խոսում» իմաստությանը կամ էլ թերագնահատում է հանրության եթե ոչ իրազեկությունը, ապա ամենօրյա ստորաքարշ գոյության փաստը, այլապես սեփական տան մեջ չէր գործածի ձախողում բառը, այն բառը, որը մեր յուրաքանչյուր օրվա ճիշտ և ճիշտ բնութագրիչն է։ 
Ու, թեև Վահրամ Բաղդասարյանը 2011-ից է անդամակցել հանրապետականին, այնուամենայնիվ, դա չի ազատում նրան պարզապես առերեսվելու իրականությանն ու տիրապետելու որոշ վիճակագրության, մանավանդ որ վերջինս այն կուսակցության ներկայացուցիչն է, որը գրեթե մեկուկես տասնամյակ վերցրել է երկրի իշխանության ղեկն ու առաջ գնալու շռայլ խոստումներ տվել։ 
Կարող էի նաև ժամանակս ափսոսալ ու պահել լռելու ու չզարմանալու ներքին խոստումս, եթե այդքան համոզված ու վերջին ճշմարտության անունից չխոսեր Վահրամ Բաղդասարյանը։ Չէ՝ զարմանում եմ….
Արդյո՞ք իրավունք ունի ընդդիմությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ երկրում աղքատության մակարդակը կազմում է 33%, երբ բնակչության ամեն երրորդը աղքատ է, նրանցից 13.5%-ը` շատ աղքատ, իսկ 2.8%-ը` ծայրահեղ աղքատ: Ի դեպ նրա հարազատ Լոռիում աղքատությունը հանրապետությունում ամենաբարձրն է՝ 42%։
Արդյո՞ք իրավունք ունի ընդդիությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ տարեկան 30- ից 40.000 մարդ է հեռանում երկրից, իսկ որոշ տվյալներուվ ամեն տարի երկրի բնակչության շուրջ 2%-ը։ 
Արդյո՞ք իրավունք ունի ընդդիությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ երկրի երիտասարդության 60%-ը սեփական հայրենիքում հեռանկար չի տեսնում։
Արդյոք իրավունք ունի ընդդիությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ 2013 թվականին տնտեսական աճը կազմել է 3.5%՝ խոստացվածի կեսից էլ պակաս:
Արդյո՞ք իրավունք ունի ընդդիությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 581.6 մլրդ դրամ (3 մլրդ 899.1 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 37.1%-ը։
Արդյո՞ք իրավունք ունի ընդդիմությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ այդպես էլ չկարողացան մի հոդաբաշխ պատասխան տալ, թե որտեղից իմ հյուծված պետության, նույնն է թե մեր ուսերին ընկավ 500.000 դոլարի գազային պարտքը։
Արդյո՞ք իրավունք ունի ընդդիությանը ձախողելու մեջ մեղադրել իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը, երբ Հայաստանն այս տարի, ինչպես և անցյալ տարի, դասվել է կիսակարծր ավտորիտար վարչակարգերի շարքին, իսկ ընտրական գործընթացների ժողովրդավարական չափանիշների համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանից էլ ցածր է։
Արդյոք, արդյոք…
«Եկեք կոնստրուկտիվ դաշտ» շարունակում է ընդդիմությանը հոխորտալով դաս տալ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Այդ ո՞ր կոնստրուկտիվ դաշտի մասին է խոսքը։ Երբ Սահմանադրական դատարանի որոշումն անգամ գրոշի արժեք չունի ձեզ համար, կառուցողական աշխատանքի էլ ի՞նչ դաշտեր են մնում, դեռ շարունակում եմ զարմանալ ու ինքնահարց տալ՝ շատ լավ իմանալով հարցիս հռետորաբանությունը ։ 
«Մոլորվել է Արծվիկ Մինասյանը», իբրև թե սրտնեղում է Բաղդասարյանը։ Ա՛խ, երանի թե հայրենիքիս ու երկրիս ճակատագիրը տնօրինողների մեջ Արծվիկ Մինասյանի պես պինդ ողնաշարով ու մտքով երեք- չորս մարդ ունենայինք, հաստատ մեր ժողովուրդն այսքան մոլորված չէր լինի ու մեր երթն այսքան փսոր ու անստույգ։
Այն, որ հանրապետականների մի մասը ԱԺ–ում անթաքույց հաճույքով հայհոյում է, պարբերաբար դիմում փողոցի ու հատակի բառապաշարին, ոչ զարմացնում է, ոչ էլ նորություն է։
Բայց ԱԺ պատգամավոր, դոկտոր պրոֆեսոր Բաղդասարյանի բառընտրությունը, այնուամենայնիվ, զարմացնում է։ Արդյո՞ք իրավունք ունի, թող լինի բարոյական իրավունք, գործընկերներին «վայրահաչող» անվանել քաղաքական մեծամասնության ղեկավարը։ Նույնիսկ եթե, այդ բառը Հայկազյան բառարանից է, պրն Բաղդասարյան, մի թերագնահատեք ընդդիմությանը, այնուամենայնիվ այնտեղ մարդիկ կան, որոնք ոչ միայն Մալխասյանի բառարանին են տիրապետում, այև Աճառյանի, Աղայանի, Վեսբթըրի, Օքսֆորդի, Դալի կամ Լոնգմանի….
Բաղդասարյանի «անկեղծության պոռթկումն», այնուամենայնիվ, մեկ դրական կողմ ուներ՝ պարզվեց, որ մեր խառնակ ժամանակներում դեռ զարմանալու ունակությունս չեմ կորցրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել