Allsport.am-ը գրում է.

Կոստա Ռիկայի հավաքականը շարունակում է անակնկալներ մատուցել Մունդիալ 2014-ում: Մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Կոստա Ռիկան առավելության հասավ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ, իսկ այսօր, Ռեսիֆիի «Արենա Պերնամբուկու» մարզադաշտում կայացած խաղում հաղթեց Իտալիային:

Իտալիա-Կոստա Ռիկա խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 44-րդ րոպեին Դիասի փոխանցումից հետո Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը գրավեց Բրայան Ռուիսը: Այս խաղից հետո Կոստա Ռիկայի հավաքականը դարձավ D խմբի առաջատար` ակտիվում ունենալով 6 միավոր, Իտալիան մնաց 3 միավոր, 3 միավոր ունի նաև Ուրուգվայը, իսկ Անգլիայի հավաքականը նման արդյունքից հետո վերջնականապես զրկվեց մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Հավելենք` խմբային փուլի վերջին տուրում Կոստա Ռիկան մրցելու է Անգլիայի հետ, իսկ Իտալիան` Ուրուգվայի:

Հիշեցնենք նաև, որ Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ ուշագրավ հայտարարություն էր արել Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին. սկանդալային ֆուտբոլիստն ասել էր` «Եթե մենք հաղթենք Կոստա Ռիկային, ցանկանում եմ, որ Անգլիայի թագուհին համբուրի ինձ»: Դե ինչ Իտալիան զրկվեց 3 միավորից, Մարիոն` թագուհու համբույրին արժանանալու «հնարավորությունից»:

Իտալիա-Կոստա Ռիկա` 0:1

Գոլը` Ռիաս 44

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել