Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ.-ին՝ Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում, բայց ապրել ու հասակ է առել Ստեփանակերտում: Զբաղվել է ըմբշամարտով: Փոքր հասակից առանձնակի հետաքրքրություն է տածել տեխնիկայի հանդեպ: Չկար խափանված էլեկտրական կամ մեխանիկական որեւէ սարք, որ նրա ձեռքերում նորից «շունչ ու ոգի» չստանար: 1983-ին բանակում ծառայելուց հետո Ստեփանակերտում հիմնում է իր սեփական արհեստանոցը, որը տարիներ անց դառնում է ազգային շարժման առաջին զինանոցներից մեկը: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ.-ին՝ Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 1990-1991թթ. եղել է Խանձաձորի կամավորական ջոկատի, 1991-1992թթ. 4-րդ վաշտի հրամանատար: Մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրման, Քարինտակի պաշտպանության, Կրկժանի թշնամու հենակետերի ճնշման ռազմական գործողություններին: Առաջին ձեռք բերած զրահամեքենաներից` ՀՄՄ-ներից մեկը վստահվեց Յուրիին, եւ նա դարձավ մարտական մեքենայի անձնակազմի հրամանատարը, որը միշտ հայտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում: Այդ նրա ՀՄՄ-ն Խանաբադի մոտ ոչնչացրեց թշնամու երեք զրահամեքենա, իսկ Ասկերանի մոտ` հակառակորդի Տ-72 տիպի տանկը: Յուրիի վերջին մարտը Նախիջեւանիկ գյուղի մոտ էր 1992թ. հունիսի 12-ին: Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը: Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով, 1996 թվականին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի, իսկ 2002 թվականին Արցախի հերոսի կոչման: Պարգեւատրվել է ԼՂՀ բարձրագույն «Ոսկե արծիվ» շքանաշնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել