Պարո´ն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը:
Ես ծնվել և ապրում եմ Ստեփանակերտում: Սիրում եմ իմ երկիրը, որովհետև Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնվել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները: Նրանց պապերն ու տատերը նույնպես այստեղ են ծնվել (երեւի գիտեք, որ շատ հին ժամանակներից սկսած, երբ մեր երկիրը Հայաստանի նահանգներից մեկն էր, կոչվում էր Արցախ): Ես ունեմ շատ ընկերներ, և նրանք նույնպես սիրում են իրենց հայրենիքը… Բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ գրել:
Շատերի պես ես էլ ունեմ խնդիրներ և փորձում եմ, որքան հնարավոր է, լուծել դրանք: Ազատ ժամերին շատ բաների մասին եմ մտածում` մարդկային կյանքի, երջանկության, իմ հայրենիքից շատ հեռու ապրող իմ հասակակիցների, մերից տարբերվող նրանց երկրի մասին:
Գիշերը նայում եմ երկնքի աստղերին և մտածում` տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞, թե՞ ոչ, այնտեղ մարդի՞կ են ապրում, թե՞ ոչ… Պապիկս ասում է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր գիշերները նայում երկնքին և նույն բանը մտածում… Ես մտածում եմ նաև իմ հայրենակիցների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կյանքում ավելի շատ դառնություններ են տեսել, քան ուրախություն: Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն, պրոբլեմներ չունենան և երջանիկ լինեն…
Պարո´ն նախագահ, ամեն անգամ հեռուստացույց նայելիս, կարդալով կամ մեծերի պատմածները լսելով, մնում եմ զարմացած: Դուք ամբողջ ժամանակ միայն Ղարաբաղի և պատերազմի մասին եք խոսում: Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում: Կարծես ուրիշ խնդիրներ չունեք: Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում:
Ես երբեք ադրբեջանցի չեմ տեսել, ես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեմ մտածում: Իմ ծնողները նույնպես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեն մտածում… Չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ եք ուզում մեր երկրից: Լսել եմ, որ Դուք երբեք Արցախում, Ղարաբաղում չեք եղել, մեր Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը չեք տեսել, բայց շարունակ մտածում եք մեր երկիրը նվաճելու մասին: Չեմ հասկանում` Ձեր հողերը քի՞չ են, Ձեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը: Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետև գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ: Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան…
Հայրիկս ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ես պատերազմը չեմ տեսել, բայց մեծերի պատմածներից գիտեմ, որ դա շատ վատ, շատ սարսափելի բան է, և երբեք չէի ցանկանա այն տեսնել: Համոզված եմ, որ ադրբեջանցի ոչ մի երեխա նույնպես չի ցանկանա պատերազմ տեսնել: Բայց մեծերից շարունակ լսում եմ, որ եթե պատերազմ լինի, իրենք նորից պաշտպանելու են մեր երկիրը: Իմ ընկերներից մեկն ասում է, որ եթե չթողնեն` զենք վերցնի, ինքը ֆրանսիացի Գավրոշի պես օգնելու է մեծերին, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Ես նույնպես, որքան հնարավոր է, օգնելու եմ իմ ծնողներին…
Մեծերից, տարբեր մարդկանցից բազմաթիվ անգամ լսել եմ, թե ինչպես է ամեն ինչ եղել: Արցախցիները խաղաղ ցույցի են դուրս եկել եւ ասել, որ ուզում են մեր Արցախ հայրենիքը միանա Մայր Հայաստանին, որովհետև Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, և մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տվել էր Ադրբեջանին: Իսկ ձեր հայրենակիցները, ի պատասխան դրա, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից: Դրանով չբավարարվելով` Ձեր հայրիկը պատերազմ է սկսել իմ հայրենի Արցախի դեմ, բայց, չնայած շատ ուժեղ է եղել, շատ զինվորներ և տանկեր է ունեցել, այդ պատերազմում պարտվել է:
Ես մեծերին հարցրել եմ, թե ինչպես է պատահել, որ այդքան ուժեղը պարտվել է, իսկ նրանք պատասխանել են` որովհետև մենք մեր հողը, մեր հայրենիքն ենք պաշտպանել, իսկ ադրբեջանցիները հարձակվել են մեր երկիրը նվաճելու, մեր կյանքը և ազատությունը խլելու համար…
Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու: Բայց համոզված եմ, որ եթե պատերազմ սկսեք, Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները չեն մասնակցելու այդ պատերազմին, այլ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա: Ես գիտեմ, որ եթե պատերազմ լինի, մեզնից շատերը, անգամ երեխաներ ու կանայք, կարող է զոհվեն կռվի ժամանակ, շատ երեխաներ կարող են որբ մնալ, բայց այդ պատերազմում զոհվելու են նաև հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ, և բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ նույնպես որբ են մնալու: Դա՞ է Ձեր ուզածը, դրա համա՞ր եք ամեն օր մտածում պատերազմի և Ղարաբաղը նվաճելու մասին…
Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի և ոչ մի պրոբլեմ չունենա: Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը…
Ես շատ եմ ցանկանում, որ պատասխանեք իմ նամակին և անկեղծ ասեք, թե ինչու եք ուզում նվաճել իմ հայրենիքը, որը ձերը չէ: 

Ադելինա Ավագիմյան, 
13 տարեկան, ԼՂՀ, Ստեփանակերտ

Կից ներկայացնում ենք Իլհամ Ալիևի պատասխանը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել