Քիչ առաջ լրատվակական միջոցներից տեղեկացա, որ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում, եւ Ադրբեջանը հայտնվել է հերթական սկանդալային իրավիճակում՝ Բաքվին արգելվել է հյուրընկալել ԵԽԽՎ միջոցառումները:
Նախապատմությունը հետեւյալն է՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահելու առիթով Բաքուն ստացել է ԵԽԽՎ բյուրոյի նիստն անցկացնելու իրավունք: Նիստին պետք է մասնակցեր նաև ԵԽԽՎ փոխնախագահ, իմ լավ բարեկամ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեն: Ադրբեջանը երկիր մուտք գործելու համար պատգամավորին տվել է մուտքի արտոնագիր, բայց վերջին պահին նրան արգելել են մասնակցել միջոցառմանը: Պատճառն այն է, որ ֆրանսիացի պատգամավորը այցելել է Արցախ: Բյուրոյի նիստը կայացել է, ու անմիջապես ընդունվել է որոշում, որով առաջիկա երկու տարիներին Ադրբեջանին արգելվել է հյուրընկալել վեհաժողովի միջոցառումները: Ու սա այն դեպքում, որ Ադրբեջանը նախագահելու է կառույցը մինչև այս տարվա նոյեմբերի վերջը:
Իրականում, սա անսպասելի եւ արտառոց չէ, ախր Ադրբեջանն ո՜ւր, եվրոպական եւ միջազգային ընդունված նորմերը՝ ուր...: Ադրբեջանը արդեն վաղուց ամբողջ միջազգային հանրությանը հոգնեցրել եւ զզվեցրել է իր բռի եւ անմարդկային, միջազգային որեւէ ստանդարտի մեջ չտեղավորվող քայլերով ու քաղաքականությամբ, սաֆարովյան խայտառակությունը այս երկրի ճակատին դրոշմվել է ընդմիշտ եւ իր հերթական քայլով Ադրբեջանը իր իսկ սեփական դատավճիռն է կայացրել՝ ինքը տեղ չունի համաշխարահային քաղաքակրթության քարտեզի վրա: Քսանմեկերորդ դարում լինել այսպես վայրենի եւ անհավասարակշիռ, այսքան արնախում եւ անդաստիարակ, երեւի անհնարին է պատկերացնել անգամ աշխարհի ամենահեռավոր եւ անմշակ անկյուններում: Բայց մեր բախտը էլի «բերել է», ամբողջ երկրագնդի վրա հենց այսպիսի՞ք պետք է լինեին մեր երկրի հարեւանները, ինչ-որ անհայտ տեղից բուսած եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին անասելի հոգնեցնող այս տեսակի հետ, այո, հարկավոր է, իր վերջո, խոսել շատ կոշտ եւ հարկ է, որ գերտերություններն այս պարագայում մի պահ մոռանան իրենց նեղ-անձնական շահերը եւ գործեն հանուն մարդկության: Քանի որ այս արնախում երկրի սաֆարովյան խայտառակությունը մոռանալ չի կարելի, մոռանալը կարող է խիստ վտանգավոր լինել առաջին հերթին միջազգային հանրության համար: 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԵՄ խորհրդարանական խմբի անդամ, Ֆրանկոֆոնիայի հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել