3 ամիս առաջ մատյանումս քննարկում սկսեցի ազգային գաղափարախոսության մասին՝ փորձելով ինչ-որ չափով հասկանալ, թե ինչ նպատակներ պիտի որպես ազգ մեր առջև ունենանք, ինչ «քարտեզներով» պիտի առաջնորդվենք և այլն։ Թեպետ, ինչպես և հաճախ լինում է, քննարկումը մի քանի շաբաթից մարեց, բայց, այնուամենայնիվ, շարունակում էի ինքս իմ համար թեման բզբզալ։ Ստորև հնարավորինս հակիրճ կփորձեմ ամփոփել նախորդ քննարկումները, իսկ հաջորդ գրառմամբ ներկայացնեմ եզրակացություններս։

  1. Նախ սահմանեցի, թե ինչ եմ հասկանում ազգային գաղափարախոսություն ասելով.

    Գաղափարների և իդեալների համակարգ, որը կկարողանա հիմք լինել հայ ժողովրդի շահերից բխող (ազգային) քաղաքականություն մշակելու և այն իրագործելու համար։

    Սահմանման քննարկման կարճ ամփոփումը այստեղ։ Նշեմ, որ հաշվի առնելով հայերիս քաղաքակրթական հավակնությունները, համարում եմ, որ այդ գաղափարախոսությունը չպիտի լինի զուտ «նացիոնալ-էգոիստական», այլ պիտի նաև մարդկությանն ինչ-որ օգուտ տա։ Ասածս ինչքան էլ պաթոսային թվա, բայց մեր էության մաս է. մենք մեզ քաղաքակրթություն կերտող, քաղաքակրթական առաքելություն ունեցող ազգ ենք համարում, առանց դրա չենք կարող։

  2. Երկրորդ քայլով քննարկեցինք, թե ինչպիսին պիտի լինի գերագույն նպատակը 100-200 տարվա կտրվածքով։ Առաջարկեցի (և շարունակում եմ գերադասել) հետևյալ նպատակը.

    Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում հայ ժողովրդի լիարժեք ներկայության վերականգնում։

    Մեկնաբաններն առաջարկեցին նպատակների նաև այլ տարբերակներ։ Նույն գրառման մեջ փորձեցի պատասխանել նաև քննարկման մասնակիցների որոշ մտավախություններին։ Լրացուցիչ մի մեկնաբանություն էլ՝ հնարավոր կուսակցականացման ու միջոցն ինքնանպատակ դառնալու ռիսկերի մասին։

Որպես ամփոփում՝ այսքանը։ Հաջորդ գրառմամբ՝ փորձեմ ձևակերպել այս քննարկումների ընթացքում առաջացած մտքերս այն մասին, թե վերջիվերջո ինչ պիտի արվի և որ ուղղությամբ պիտի շարժվենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել