Yerevannews.am-ը գրում է:

Զորակոչի խնդիրը եղել ու մնում է հասարակության ուշադրության կենտրոնում: Հասարակության ակնկալիքները զորակոչից մեկն է՝ արդարություն: Բանակի մասին առաջին տպավորությունը մեր երկրի քաղաքացիների մեծ մասը ստանում է զորակոչի ընթացքում զինկոմիսարիատների հետ հարաբերվելիս: Անարդարությունները այս ոլորտում մարդիկ հատկապես ցավոտ են ընունում, որովետև այդ անարդարությունը վերաբերում է իրենց զավակներին: Նման դեպքերում անարդարությունների հանդիպած մարդկանց մոտ ձևավորված բացասական տրամադրվածությունը փոխանցվում է բանակի ընդհանուր կերպարի վրա: Նաև այսպես է մեր հասարակության շրջանում բանակի նկատմամբ անվստահություն ստեղծվում: Հենց այս պատճառով էլ ոլորտում բարեփոխումները հույժ կարևոր են: Երևի չենք սխալվի, եթե ասենք, որ շատ-շատերի մոտ «բարեփոխում» հասկացությունը հակակրանք է առաջացնում: Սակայն զորակոչի ոլորտի բարեփոխումները եզակիներից մեկն է, որտեղ տեսանելի արդյունք կա, ու որ ամենակարևորն է այդ արդյունքը մարդիկ տեսնում ու գնահատում են: Կա մի կարևոր գործոն, որի շնորհիվ զորակոչի ոլորտի բարեփոխումները իրական արդյունք են տվել: Վերջին տարիներին Սեյրան Օհանյանի ջանքերն ուղղված են եղել զինկոմիսարիատի ոլորտում համախոհների թիմ ստեղծելուն: Այդ ուղղությամբ աշխատանքը հիմա էլ է մնում ակտուալ, որովհետև համախոհների թիմ ձևավորելը շատ բարդ ու տևական գործընթաց է: Կրկին անգամ շեշտենք՝ առանց այդպիսի թիմի՝ ուղղակի անհնարին է ոլորտում ապահովել լիարժեք թափանցիկություն ու արդարություն: Նախևառաջ հարկավոր է ստիպել գործող անձնակազմին հրաժարվել նախկին մեթոդներից: Ու այստեղ հարկավոր են նաև կտրուկ քայլեր, քանի որ ոչ բոլորը կհարմարվեն փոփոխված պայմաններին, ոչ բոլորը միանգամից կհասկանան, որ խաղի կանոնները փոխվել են: Անկասկած կգնվեն այնպիսինները, ովքեր կկարծեն, թե նախարարի հռչակած արդարության սկզբունքը ընդամենը խոսքեր են, ու որ իրականում ոչինչ չի փոխվելու: Այդ պատճառով՝ կտրուկ քայլերը անհրաժեշտություն են: Անցյալ զորակոչի ընթացքում այդպիսի կտրուկ քայլեր արվեցին՝ պաշտոնանք արվեցին երկու զինկոմիսար, որից մեկի նկատմամբ հարուցվեց քրեական գործ: Սեյրան Օհանյանը ոլորտում նոր խաղի կանոններ է հաստատել, ու դատելով վերջին շրջանի զարգացումներից՝ բոլոր նրանք, ովքեր շեղվում են այդ կանոններից, ովքեր նախարարի կողմից հռչակված արդարության սկզբունքը ընկալում են որպես ձևականություն նրա թիմում անելիք չունեն: Այդ զարգացումները հուսադրող են: Հուսադրող է նաև այն, որ վերջին շրջանում զինկոմի պաշտոնում նշանակվում են այն զինվորականները, ովքեր հաջողություն են ունեցել զորքերում ծառայելիս, ու ամենակարևորը՝ դրսևորել են իրենց որպես սկզբունքային հրամանատարներ, ու այդ պատճառով էլ՝ վայելում են նախարար Օհանյանի վստահությունը: Մի ուրիշ խնդիր էլ կա. արդեն կապված հասարակության որոշ շերտերի տրամադրությունների հետ: Զորակոչի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը զուգահեռ որոշների մոտ դժգոհություններ են առաջանում, թե «փողը ձեռներս՝ էրեխու հարցը լուծել չեղավ»: Սա էլ է իրականություն, որի մասին, չգիտես թե ինչու, չի խոսվում: Իրականություն է նաև այն, որ այսպես մտածող մարդկանց թիվը քիչ չէ: Ընդունենք, որ շատ բարդ է ոլորտում արդարություն ապահովելը, եթե մարդկանց մի զգալի հատված եռանդուն կերպով զբաղված է օրենքը շրջանցելու ուղիներ որոնելով: Շատերը կհաստատեն, որ զորակոչի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի շեշտակի նվազումը հնարավոր է եղել առաջին հերթին նախարար Սեյրան Օհանյանի հետևողականության շնորհիվ: Այս դեպքում՝ երբ հասարակության մի մասը հակված է կաշառքով հարց լուծել՝ այդ հետևողականությունը դառնում է ոլորտի ապակոռումպացման երևի թե միակ գրավականը: Այդպես մտածողները ուղղակի պետք է տեսնեն, որ կաշառքով հարց լուծելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում, տեսնեն ու համակերպվեն: Ուրիշ ելք չկա:

Դավիթ Սոֆիյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել