Սափրագլուխների ամենամյա ռուսական մարշն (русский марш) արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ: Հիմա Չեխիայում տաքսու չեխ վարորդը վստահ է, որ Կառլովի Վարիում մի օր տեղի ռուսալեզու նորաբնակները կդիմեն մայր երկրին` օգնություն հայցելու, ինչպես դա արեցին Սուդետների գերմանացիները նախորդ պատերազմին:
Ասում եմ նախորդ, որովհետև պատերազմը վաղուց է սկսված, այն էլ իրականում Արևմուտքի կողմից, նրա ծավալուն ու հաստատուն տարածումով դեպի արևելք: Բայց Արևմուտքում ոչ ոք չէր սպասում այսպիսի պատասխանի, երբ հրթիռների ու ինքնաթիռների դիմաց Ռուսաստանը էթնիկական միջուկային զենքը կօգտագործի և այն էլ այնպիսի մասշտաբներ կարող ունենալ, որ սարսուռ է առաջացնում: Գերմանիայում և նրա շուրջ միլիոնավոր ռուսալեզու է բնակվում: Կկարողանա՞, արդյոք, Անգելա Մերկելը ռեալ կատակլիզմի պայմաններում կասեցնել նրանց հնարավոր ակտիվացումները: Ես անձամբ զրուցել եմ բազմաթիվ ռուս ներկայացուցիչների հետ և Չեխիայում, և Գերմանիայում: Նրանք երկու ձեռքով գոռում են՝ բռավո Պուտին, չնայած բնակվում են Եվրոպայում, և գրեթե զերծ են ռուսական պրոպագանդայից: Բարդ պրոցեսներ են սկսվել արդեն նաև Եվրոպայում: Տեսեք, Հունգարիան Զակարպատների համար ինքնուրույնություն և երկքաղաքացիություն է պահանջում, Լեհաստանը երազում Լուցկն է տեսնում, ռումինացիներն իրենց խնդիրներն ունեն, նաև կան սլովակներ... Պուտինը կանի ամեն ինչ, որպեսզի սրանք բոլորը ակտիվանան: Իսկ սա կնշանակի «назад в будущее»: Այսինքն՝ կարող է միացյալ Եվրոպայի փլուզման պատճառ դառնալ: Արևմտյան Եվրոպայում էլ կան պրոբլեմներ: Բասկերը, Կատալոնիան, Շոտլանդիան փորձում են անկախանալ: Ռուսաստանին մնում է անել այնպես, որ այդ ռեֆերենդումների ֆոնի վրա Արևելյան Եվրոպայում ևս շարժումներ սկսվեն: Նա կարող է դա սկսել Սերբիայից կամ Հունգարիայից: 
Հաջորդ կարևոր պահն այն է, որ Եվրոպայում քչերն են պատրաստ կռվել, պատերազմել: Ի՞նչ եք կարծում, Իտալիան կամ Բելգիան, որտեղ երկուսում էլ հյուսիսը ուզում է անջատվել հարավից, կպատերազմե՞ն Եվրոպայի նախկին ժանդարմի դեմ, որը Սուվորովից սկսած արդեն քանիցս ապացուցել է, որ հայրենիքը սկսվում է սեփական սահմաններից դուրս:
Մի խոսքով, պատերազմն արդեն սկսված է: Այն դասական դեմք չունի: Ոմանք անվանում են հիբրիդ պատերազմ, ոմանք` նենգ, կարևոր չէ, կարևորը այն է, որ մենք հայերս գիտակցենք՝ այն սկսված է, և ես կարծում եմ՝ այս էթնոխմորումները որոշակի ժամանակ են պահանջում՝ չորս-հինգ տարի, իսկ հիմնական գործողությունները դեռ առջևում են: 
Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց լավ կլիներ վատթարագույն տարբերակին պատրաստ լինեինք:

Դավիթ Վանյան, 16.05.2014թ.
Ուկրաինա, Դնեպրոպետրովսկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել