«Բոլոր քաղաքական կենսագրությունները կործանման են դատապարտված, եթե դրանք բարեհաջող պահին չեն ընդհատվում»,-գրել է բրիտանացի քաղաքական գործիչ Էնոխ Փաուելը։

Սակայն բռնապետների քաղաքական կենսագրությունները յուրօրինակ երեւույթ են. ժողովրդավար առաջնորդի մահվան փաստը տարիներ անց մասնավոր բնույթ է կրում, իսկ ահա բռնապետի մահը քաղաքական իրադարձություն է, որն արտացոլում է նրա ղեկավարման բնույթը։

Եթե բռնապետն իր մահկանացուն կնքում է սեփական անկողնում` իր միանձնյա իշխանության ողջ փայլով համակված, ապա նրա մահն այդ իշխանությունը գովերգող ներկայացման է վերածվում, իսկ եթե նա դահիճի ձեռքն է ընկնում, ապա դա վկայում է տապալված ռեժիմի մասին, եւ հալածված ժողովրդի առանձնահատուկ արձագանքն է։

Այս ամենի մասին վկայեց լիբիացի բռնապետ Մուամար Քադաֆիի մահը, որն անցյալի այլ բռնապետների կյանքի ավարտից տարբերվեց բջջային հեռախոսներով տեսագրված լինելու փաստով` տեխնիկա, որով օժտված չեն եղել Կալիգուլա կայսեր ժամանակակիցները։

Համաշխարհային լրատվամիջոցների կողմից Քադաֆիի սպանության տեսագրության տարածումը, սակայն, դատապարտեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` կարծիք հայտնելով, որ «պետք է հարգանքով վերաբերվել մարդկային մահին, անգամ եթե նա բազում սարսափելի արարքներ է գործել», այդուհանդերձ ընդգծելով, որ «դա նախազգուշացում կլինի մյուս բռնապետների համար»։

Եթե ոչ վաղ անցյալից օրինակներ հիշենք, ապա լիբիացի գնդապետի սպանությունը ջղաձգություն է առաջացնում` 1989-ին ռումինացի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի «կիսապաշտոնական» մահապատժի համեմատ։ Ջամահիրիայի առաջնորդի մահը նմանվում է լինչի դատաստանին, որին 1958-ին ենթարկվեց Իրաքի վարչապետ Նուրի ալ Սաիդը։ Զգալով վտանգը` նա ժամանակին փախավ Բաղդադից եւ պատսպարվեց իր հին ընկերոջ մոտ։ Սաիդը կանացի երկար հագուստով դուրս եկավ Ազատության հրապարակ` ավտոմեքենա վարձելու նպատակով, բայց մի դեռահաս նկատեց նրա` կանացի հագուստի տակ երեւացող տաբատը եւ բղավելով` գրավեց ամբոխի ուշադրությունը։ Իրաքի վարչապետի պաշտոնը 14 անգամ զբաղեցրած քաղաքական գործչի հոշոտված մարմինը մի քանի օր այդպես էլ հրապարակի մեջտեղում ընկած մնաց։

Իսկ ահա Աֆղանստանի նախագահ Նաջիբուլային անդամահատել էին եւ Քաբուլի փողոցներով քարշ տալուց հետո` կախաղան հանել։

Երբեմն բռնապետներն այնպիսի մահապատժի են ենթարկվում, որը հիշեցնում է նրանց կատարած հանցանքների մասին։ Օրինակ, երբ իտալացի բռնապետ Մուսոլինիին իր սիրուհու հետ միասին քաղաքային հրապարակում կախաղան հանեցին, դրանով ծաղրեցին Մուսոլինիի` Կեսարի հերոսականության եւ Կազանովայի սիրառատության նմանակման փորձերը։

Եթե բռնապետին չի հաջողվում մինչեւ կյանքի վերջը պահպանել իշխանությունը, լավագույնը, ինչ նա կարող է անել, վերջին ներկայացման, այն է` սեփական ռեժիմի տապալման բեմադրությունն է։

Այդպիսին էր Հիտլերի մահը։ Ռուսական լեգիոնները ներխուժել էին Բեռլինի կենտրոն, բայց Հիտլերը դեռ բավականաչափ վերահսկում էր իրավիճակը, որպեսզի հասցներ կտակ գրել եւ ամուսնանալ Եվա Բրաունի հետ` մահից մեկ օր առաջ։ Ականատեսների վկայությամբ` Հիտլերն իր կնոջ հետ ինքնասպանություն է գործել ` նախապես քնեցնելով իր սիրելի շանը։ Կարելի է ասել, որ Հիտլերը վերահսկում էր իրավիճակը` ընդհուպ մինչեւ իր մարմնի հրկիզումը։

Բոլոր բռնապետները տարիներ շարունակ խորամանկություն, ռիսկի գնալու ունակություն, դաժանություն եւ դերասանական տաղանդ են ցուցաբերում. նրանք մեծ դերասաններ ու բեմադրիչներ են։

Սակայն մի բան հստակ է. նրանք իշխանության ղեկին են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ճակատագիրը նրանց չի դավաճանում` դավադրության, արտաքին միջամտության կամ հեղափոխական ալիքի տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել