photolibrary_rf_photo_of_sleepless_woman_in_bed

Արդեն մի քանի գիշեր է` լուսացնում եմ միևնույն մտքերով: Դրանք ինձ օգնում են հաշտվել քեզ կորցնելու իմ ճակատագրի հետ: Ամեն գիշեր` քնելուց առաջ, պարտադիր հիշում եմ քեզ, ինչպես պարտադիր կերպով գիշերազգեստն եմ հագնում: Երբ այն ցավը, որ կորցրել եմ քեզ, մի քիչ մեղմացավ, սկսեցի մտածել, թե ինչու հենց այդպես ստացվեց: Մի քանի օր է, որ այդ միտքը ուղեղիցս ուղղակի դուրս չի գալիս: Կարմիր ազդանշանի պես անընդհատ վառվում է, հիշեցնում, բորբոքում ու հասկացնում, որ այդպես ճիշտ էր, այդպես պետք է հատուցեի: Նա էլ հատուցեց, որովհետև նույն կերպ վարվեց ինձ հետ, ինչպես ես այն մեկի հետ, որ թվում էր` էլ չկա: Ես փորձեցի այդ մեկի դժբախտության, հենց այսպիսի գիշերային ցավերի, հենց այսպիսի արցունքների, մտքերի, որ հիմա ուրիշի հետ ես, ապրումների վրա կառուցել սեփական երջանկությունս, որ մինչև հիմա քո մեջ եմ տեսնում: Աչքիս առաջ ամեն օր կանգնած է նա` սպիտակ զգեստով, մինչև ուսերը հասնող սանրվածքով, թաց աչքերով, հայացքը` շեշտակի. «Հիմա դու էլ հատուցեցիր, նա՜ էլ կհատուցի»: Այդպես էլ եղավ: Ես հատուցեցի քո արցունքների համար, դու լալիս էիր, իսկ նա երջանիկ էր իմ գրկում, ես նրա աչքերից ու մարմնից մաքրել եմ քո հետքերը, բայց նրան ինձ չեմ պահել, տվել եմ ուրիշի, ով նույնպես հատուցեց, որովհետև երջանկություն էր ուզում կառուցել քո և իմ արցունքների ու տառապանքների վրա… Նա էլ է հիմա լաց լինում, ուզում, որ մեկը ասի` մի՜ գնա, թույլ չեմ տա… Բայց նա գնաց, քեզնից էլ գնաց, դու էլ ինձ նման փորձեցիր իմ արցունքերը քեզ համար երջանկության վերածել, բայց անկարող ես, ինչպես ես չկարողացա… Իսկ նա… Նա հավանաբար ոչինչ չի զգում կամ էլ զգում է, կամ էլ հերթականին փնտրում, բայց պետք է փնտրի մեկին, ով մեզ` երեքիս, գոնե մեկ ակնթարթ չի տեսել, չի հանդիպել կյանքում, որովհետև նորից արդեն երեքիս արցունքներն ու տառապանքն է փորձելու հիմք դարձնել իր սիրո` քեզ համար: Հիմա մի տեսակ բավարարված եմ զգում. ես քո դժբախտության ու չստացված սիրո վրա սեր չեմ կառուցել, Ա., փորձել եմ, բայց հետ կանգնեցի ճիշտ ժամանակին: Դու էլ չկարողացար իմ դժբախտ սիրո վրա սեր կառուցել, Ե.: Իսկ դու, որ ուրվական ես դարձել իմ կյանքում, որ ես փոխել եմ ամեն բան քեզ համար, քո խաբված սիրո գուրգուրանքները տվողին մի՜ փնտրիր. մենք արդեն կանք, երե՜քս… մեր արցունքներն արդեն լիճ են, Ս. … Մեր միասնական ցավն ուժեղ է քեզ սպանելու ու հերթական սերերդ կործանելու համար… Մեր ցավը քո երջանկության չվերածե՜ս… Ուժեղ է, կատաղած, խեղդվում է….

Նվիրվում է Ա.-ին, Ե.-ին, Ս.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել