Մի բան հստակ է՝ Հայաստանի սոցիալ- տնտեսական ու հոգեբարոյական մթնոլորտն անհետաձգելի, խորքային սրբագրումներ է պահանջում։ Արտագաղթի գլխավոր ազդակը նախ մեր անհասկանալի, խարխափած երթն է ու դրանից սնվող հուսահատության ու անհեռանկարայնության մթնոլորտը։ Մեր վայրէջքները պիտի կասեցնել. Կարծեմ այս գիտակցումը բոլոր քաղաքական ուժերն ունեն, կամ գոնե պարտավոր են ունենալ։ Իսկ իրականում ներքին բաժանարարներն ու բարիկադները գնալով թանձրանում են։ Արտաքին մարտահրավերների գնալով պայթուցիկ, կործանարարար համատեքստում, փոխանակ փորձենք կայունացնել ու ամրապնդել մեր ներքին համախոհության մթնոլորտը, ներքին թշնամիներ ենք փնտրում։ 
Բոլորի նյարդերը պրկված են ու Բաբելոնյան աշտարակի պես իրար լեզու չենք հասկանում։ Ակներև է՝ երկխոսության բանական ռեսուրսները սպառվել են ու կողմերը կամ բացաոում են միմյանց կամ հայհոյանքի լեզվով խոսում, իսկ ավելի հաճախ՝ ատում միմյանց։ Սա բանական չի, սա հակազգային ու հակապետական է. Երկիրն ու պետականությունն ենք մաշում։
Այս ֆոնի վրա ցանկացած երկխոսություն, քաղաքական գործակցության ձևաչափ, որ կկարողանա քաղաքական օրակարգ ձևավորել, կասեցնել մեր կորուստների ընթացքն ու ժողովրդին համոզիչ դառնալ, ընդունելի կհամարեմ։ Հիմա նկատելի է, թե ինչպես է քարոզչական մեքենեն փորձում կասկածանքի, պիտակավորման, ուղղորդված թիրախների ճանապարհով վիժեցնել ընթացքը։ Այսօր, իսկապես բանակցության սեղանի շուրջ են նստել ուժեր, որ տարիներ առաջ անհամատեղելի պիտի համարվեին թե գաղափարական, թե քաղաքական վարքականոնի իմաստով։ Ինչու կասկածել… պահի թելադրանքը, ՀԱՆՈՒՆ-ը կարող է նաև այսպիսի ձևաչափել ծնել։ Կարծում եմ կառավարության կազմի մասին խոսելը ոչ միայն վաղ է, այլև շրջանառության մեջ է դրվում վարկաբեկելու հնարավոր մնասնության գաղափարը։ Կառավարությունը նախ բովանդակության շուրջ պիտի ձևավորել, ինչ և ինչպես անելու շուրջ, այնպիսի համակարգի ձևավորման շուրջ, ազգային- պետական պատասխանատվության բացառիկ մանդատ ունենա և բացառի երկրի կառավարման ներկա փիլիսոփայությունը։ Խնդիրը անձերը չեն, այլ կառավարման ու խաղի կանոնների սահմանումը։ 
Գուցե մի քիչ քաղաքական ռոմանտիզմի դաշտն եմ մտնում՝ բարձրաձայնելով, որ այս ձևաչափում տեսնում եմ ազգային ներուժի հնարավոր ողջ սպեկտրը։ Ազգային համաձայնությունն է իմ նախընտրելի տարբերակը։ Միայն ազգային համաձայնությամբ ու համախոհությամբ կարող ենք վիճակ փոխել, միմյանց բացառելը կործանարար է։ 
Մեր քաղաքական ռեալեաների տխուր մի կողմն էլ այն է, որ մեր ողջ դիսկուրսը երեք նախագահների շուրջն ենք կառուցում, բայց սա ինչ-որ իմաստով բացատրելի է՝ նրանցից յուրաքանչյուրն այսօր խաղացող քաղաքական ուժերի հետ է ասոցացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել