Մանուշակագույն - այն թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ:

Վարդագույն – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի  նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգռող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն:

Կանաչ – այն խորհրդանշում է բնությունը և բուսական աշխարհը: Մուգ կանաչ երանգները ի հայտ են բերում կայունություն, հավերժություն և ամրություն, իսկ բաց երանգները  բարօրություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: Կանաչը առաջացնում է  հանգստություն, թարմություն, կարգավորում է տաքի և սառի հաշվեկշիռը: Ասոցացվում է երջանկության, ուրախության, առողջության հետ: Սակայն կանաչի մեկ այլ երանգ (ճահճային կանաչ) ի հայտ է բերում բացասական հույզեր և ասոցացվում է նախանձի հետ: Կանաչը մեզ տալիս է մտավոր և ֆիզիկական հանգստություն, օգնում է հաղթահարել դեպրեսիաները, նևրոզներն ու զայրույթը: Վերականգնում է ուժերը և առաջ բերում ինքնակառավարման ու ներքին ներդաշնակության զգացում:


Դեղին - գրգռում է նյարդերը, այն համարվում է տաք և ուրախություն պարգևող գույն, որը բոլոր գույների մեջ ամենահոգնացնողն է աչքերի համար: Դրա համար վառ դեղինին երկար նայելը կարող է գրգռել նյարդերն ու աչքերը, իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև կուրացնել: Առաջացնում է լավատեսություն և էներգիա, ակտիվացնում է ստեղծագործական միտքը: Դեղինը կարգավորում է մտքի աշխատանքը, ակտիվացնում է հիշողությունը և մղում է շփման: Այն հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության և առատաձեռնության գույն, այն ասոցացվում է նաև նորության հետ: Իսկ նրա ավելի մուգ երանգը` ոսկեգույնը, փայլուն ապագայի խորհրդանիշն է, բնութագրում է լավատեսություն:


Նարնջագույն - սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում  սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքների կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը  ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում:


 
Կապույտ -մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն, ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է  ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել