Վերջին 2-3 տարիների ընթացքում ականատեսը լինելով երկրի ապակայունացմանն ու ընդդիմության թույլ և անջատ քայլերին, կեղծ ընդդիմություն խաղացողներին, ՀՀ քաղաքացին պայքարի գործընթացը իր ձեռքը վերցրեց: Կազմավորվեց Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը, երևան եկան մի շարք անհատական գործող գործիչներ, ձևավորվեցին տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ և ընդդիմադիր դաշտում առաջացավ մրցակցություն: Ահա այս գործոններով է պայմանավորված նախկին ընդդիմության համագործակցության այս գործընթացը: Անկախ բերածս օբյեկտիվ փաստերից, որոնց հետ կարծում եմ համակարծիք կլինեն ազգաբնակչության մեծ մասը, այս պրոցեսը կարող եմ դրական գնահատել, քանզի ԱԺ-ում ՀՀԿ-ին հարկավոր է հակակշիռ ստեղծել և շատ կարևոր է, որ ոչիշխանական ընդդիմությունը վերջապես դեմք ունենա: Սակայն այդ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա ոչ թե նախկին ընդդիմության դիրքերը ամրապնդելու համար, այլ իսկապես պետական գաղափարական հենքի վրա: Այսպիսի կոնտեքստում, երբ ուժերից մեկի լիդերը և նախաձեռնողը այս կոնսոլիդացիայից մոտ 2 ամիս առաջ հերթական կազինոյի գնով հոտնկայս խմեց երկրում այս ողջ քաոսի հեղինակի կենացը,որքանով է վստահության արժանի այս գործընթացը և բոլոր մյուս ուժերի դիրքորոշումն այս հարցի նկատմամբ: Որտեղ է այն երաշխիքը, որ իր բիզնես շահերի համար բազմիցս հետ նահանջած և Քոչարյանական քամիներով ապրող Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ կրկին իր բիզնես շահերի համար հետ չի նահանջի և այս անգամ չի ստիպի մնացածին նույնպես կամա թե ակամա հոտընկայս խմել Սերժ Սարգսյանի կենացը, առավել ևս, որ այդ ուժը չի պահանջում նրա հրաժարականը և ասեմ ավելին, շատ մտերիմ հարաբերությունների մեջ է՞ Քաղաքական այսպիսի իրավիճակում մյուս քաղաքական ուժերի այս պահվածքը ես կարող եմ որակել անվստահություն սեփական քաղաքական կշռի նկատմամբ, քաղաքական անհեռատեսություն և պատրաստակամության բացակայություն երկրում՝ պետության հանդեպ քաղաքացու ունեցած գիտակցության հասունացման առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել