Նա, ով քաղաքացի է, այսօր չի կարող չլինել Ազատության հրապարակում: Դասալիքների կոչերն ու լացակումած բողոքները թող վայելեն իշխանությունները, իսկ ազնիվներն այսօր լինելու են հրապարակում: Հրապարակում են լինելու բոլոր այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք 6 տարի շարունակ առիթը բաց չեն թողել հայտարարելու, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել արյան գնով, և որ նրան պետք է օր առաջ հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Թե քաղաքական այս գործիչներից որ մեկը ինչպիսի տոնայնությամբ կամ բառապաշարով է ձևակերպել ասելիքը, էական չէ: Կարևորը միտքն է, գաղափարը, որը միավորել է բոլորին:

2014-ի գարունը 2008 թվականի գարնան շարունակությունն է: Այսօր զուտ հիշատակի և խնկարկման միջոցառում չի լինելու: Քաղաքական և գիտակից հանրույթն այսօր միասին քննարկելու է «շարունակականության» խնդիրը: Հարթակը իրենն է ասելու, քաղաքացին՝ իրենը: Երկուսի վերջնանպատակն էլ մեկն է, մնում է՝ մարտավարության հարցում համաձայնության գալը: Իսկ համաձայնությունը կայանում է, երբ կողմերն անկեղծ են լինում: Ազատության հրապարկում այսօր կանգնած են լինելու բացառապես անկեղծները: Աղբն ուրիշ տեղ է լինելու՝ հարյուրավոր մետրերով հեռու ազատության օջախից: Եվ ուրեմն՝ ազատության օդն այսօր իջնելու է քաղաքի վրա՝ ազատ քաղաքացու չդադարող պայքարի գնով:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել