Նախորդ քննարկման ժամանակ փորձել էի ձևակերպել «գաղափարախոսություն» եզրը (ազգայնականի տեսակետից), ինչպես նաև մի քանի հարց էի բարձրացրել ու խնդրել ձեր կարծիքներն արտահայտել դրանց մասին։ Կարծիքներ շատ եղան, բայց բուն հարցերին պատասխանող շատ քիչ էին։ Այնուամենայնիվ, քննարկումն օգտակար էր, որովհետև ստիպեց մի քանի անգամ լավ մտածել թե´ ձևակերպումների, թե´ «որ կողմից է պետք սկսել» թեմայով։

Ըստ այդմ եկա եզրակացության, որ պետք է սկսել ամենահեռավոր (կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ գերագույն) նպատակից, որին պիտի ձգտենք, եթե ուզում ենք, որ «լավ ըլնի» ;)

Փորձեմ ձևակերպել իմ համար «պատկերացնելի ապագայի» գերագույն նպատակը...

Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում հայ ժողովրդի լիարժեք ներկայության վերականգնում։

Այո, այսքան պարզ, առանց որևէ ահասարսուռ, ամպագոռգոռ կամ հուզիչ տարրերի։ Բայց պարզությունը թվացյալ է, այդ պատճառով լրացուցիչ մեկնաբանությունների կարիք կա (և, կարծում եմ՝ դեռ շատ կլինի)։

  • Նախ՝ «լիարժեք ներկայություն» նշանակում է գոյության անվտանգություն և (որպես ազգ) կայուն զարգացման հնարավորություն։
  • Երկրորդը՝ հասկանանք, որ «հայ ժողովուրդ» ասելով՝ նկատի չունեմ «հայկական պետություն»։ Հայկական լիարժեք ներկայության վերականգնումը կարող է ընթանալ ինչպես հայկական պետականության սահմաններում, այնպես էլ դրանցից դուրս։
  • Նախորդ կետից բխում է, որ առաջնային նպատակը պետություններ քանդելը կամ հողեր զավթելը չէ, նպատակը կառուցողական է. իր վաղնջական հողում հայի լիարժեք ներկայության վերականգնումն է։ Այլ ժողովուրդներին կոտորելու, պատերազմելու նպատակ չկա։ Հասկանում եմ, որ վիրտուալ արյունախումներն և ազգայնական թևի ֆեյսբուքյան պայքարիստները գուցե հիասթափվեն, բայց ոչնչով օգնել չեմ կարող...
  • Սակայն կառուցողական նպատակ ունենալը չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում չպիտի պատերազմենք, չի նշանակում, որ այս նպատակով առաջնորդվող հայը պացիֆիստ է ու չպիտի պատժի իր անվտանգությանը սպառնացողին։ Ուղղակի պատերազմը միջոց է, գործիք և ինչպես ցանկացած այլ գործիք, պիտի կիրառվի իր տեղում և իր ժամանակին։ Եթե Լեռնաշխարհի ինչ-որ Իքս վայրում հայը կարող է առանց որևէ խոչընդոտի իր օջախը շենացնել, դպրոց, եկեղեցի կամ համալսարան կառուցել, իր մեռելներին թաղել՝ վստահ լինելով, որ իր թոռներն էլ կարող են տեր լինել նախնիների գերեզմաններին, ապա կռիվ-պատերազմ սարքելու իմաստը ո՞րն է։

Ինչպես և նախորդ անգամ նշեմ, որ առայժմ սա շատ հում, կառուցողական քննադատության կարոտ գրառում է և «այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»։

Մեկնաբանությունները, բնականաբար, ողջունելի են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել