Հայաստանում կարող էր լիներ հեղափոխություն, իշխանափոխություն, հեղաշրջում, համազգային ապստամբություն, խռովություն, ըմբոստություն, ընդվզում և սոցիալական հաշվեհարդար, լինչի դատաստաններ և եղբայրասպան գենոցիդ... բայց դա չի լինի, քանի որ ՑՈՒՐՏ է...
Ջեռուցիչը, գազային տաքացուցիչը, բաքսին ու վառարանը առանձին-առանձին վերցրած՝ ավելի կարևոր են, քան աշխարհի բոլոր հեղափոխությունները ու հակահեղափոխությունները՝ իրար հետ վերցված: Չեմ ուզում գրավել Ձմեռային պալատը, Սպիտակ տունը, Բաղրամյանի շենքերը: Չեմ ուզում Ծաղկաձորի հյուրանոցների համարներում խռմփացնել, չեմ ուզում Նոր տարվա սեղանից մնացած կոկորդիլոսի մսից ձվաձեղ... Չեմ ուզում եմ տաք բուխարու առաջ դողացնել: Ամառ եմ ուզում: Ոչ թե Դուբայի կեղծ արևով, այլ հայկական ամառ, երբ լույսը մտնում է մտքերիդ մեջ:
Բայց դա չի լինի, քանի որ ցուրտ է: 
Ուզում եմ, որ տաքսու փեջերը ուժեղ փչեն, տաքսիստները չզբաղվեն քաղաքականությամբ ու էլ չհայհոյեն այլ տաքսիստների... 
Ուզում եմ, որ լրագրողները չփչեն, չզբաղվեն քաղաքականությամբ: Այդ դեպքում տաքսիստները ավելի քիչ կհայհոյեն: 
Ուզում եմ դիտել Չառլի Չապլինի համր կինոները, այլ ոչ թե համր երգիչների երգերը լսեմ: ՈՒղիղ ոտքերը, ներկած մազերը և վիրահատված քիթը երգելու միակ պայմանը չեն, ավաղ... Բայց մեր ճաշակը, նրանց երգին վնաս չի, ավաղ:
Ծովից ծով Հայաստան չեմ ուզում, մաքուր փողոցներ եմ ուզում: Չեմ ուզում տեսնել, թե ինչպես են ծերանում Բրեդ Փիթն ու Ջոլին, թե ինչպես է չաղանում Դի Կապրիոյի և Ռիհաննան, քանի որ նրանց չեմ ուզում տեսնել... պարզապես: Ուզում եմ տեսնել իմ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհուն, որի անունն նույնիսկ մոռացել եմ: Չեմ ուզում տեսնել իմ հայոց լեզվի ուսուցուհիներին, որ չամանչեմ տառասխալներիս համար: 
Ուզում եմ լսել դասական երաժշտություն ու չքնեմ դահլիճում, իսկ հետո զարթնել կողքիս քնած մարդու խղմփոցից: 
Ուզում եմ առանց ձկների ակվարիում, որ ինքս որոշեմ՝ ձուկ պահել, թե ոչ...
Ուզում եմ, որ հասկանամ excel-ի բոլոր ֆունկցիաները. մի՞թե դա չէ ժամանակակից աշխարհի իմաստության գագաթնակետը: 
ՈՒզում եմ սպանեմ շուխուրչի հարևանիս, что мешает спать... Բայց դա չի լինի, քանի որ ցուրտ է, և ես էլ հումանիստ եմ...
Գիտեմ՝ շատ բան եմ ուզում... Ինչպես Սոկրատն էր ասում. «Որքան քիչ են իմ ցանկությունները, այնքան մոտ եմ ես աստվածներին»: Այ հիմա եմ հասկանում, թե ինչու ստիպեցին, որ նա թույն խմի: Շատ ԲԱՆ էր ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել